Ադրբեջանական բենզինը վաղվանից արդեն կվաճառվի «Run oil»-ի բենզալցակայաններում:
Ադրբեջանական բենզինը գնած «Մեգա թրեյդ» ընկերության տնօրեն Կարեն Հայրիյանը «Ազատությանը» փոխանցել է, որ АИ 95 պրեմիում տեսակի բենզինը կվաճառվի 440 դրամով: «Սա Էականորեն էժան է, պրեմիում տեսակի բենզինի ներկայիս շուկայական գինը 520 դրամ է»,- ասել է Հայրիյանը:
«Մեգա թրեյդը» մտնում է «Սիլ Կապիտալի» մեջ, որը պատկանում է իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին: Ընկերությունը գնել է շուրջ 600 տոննա պրեմիում տեսակի ադրբեջանական բենզին: Ընդ որում, «Մեգա թրեյդը» ոչ թե ներկրել է բենզինն Ադրբեջանից, այլ այն գնել է վառելիքի մեծածախ վերավաճառքով զբաղվող թրեյդինգային ընկերությունից, որի անունը չեն հրապարակում:
«Մեգա թրեյդի» տնօրենը «Ազատությանը» փոխանցել է, որ ազատ շուկայական հարաբերություններ են և եթե մրցակցային գին առաջարկվի, ապա պատրաստ են նաև գնել ռեգուլյար տեսակի բենզին:
