
Մինչև 18 տարեկան յուրաքանչյուր անձ ունի իր տարիքային հնարավորություններին, զարգացման առանձնահատկություններին և ունակություններին համապատասխան՝ Աշխատանքային օրենսգրքով և ՀՀ այլ օրենքներով չարգելված աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունք:

Ըստ այդմ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածը սահմանում է՝ մինչև 14 տարեկան անձինք կարող են ընդգրկվել միայն կինեմատոգրաֆիայի, մարզական, թատերական կամ համերգային կազմակերպություններում, կրկեսում, հեռուստատեսությունում կամ ռադիոյում ստեղծագործությունների ստեղծմանը (ստեղծագործական աշխատանք) կամ կատարմանը:
- Մինչև 16 տարեկան անձանց հետ կնքվում է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր: Մինչև տասնվեց տարեկան անձանց մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է: Մինչև տասնվեց տարեկան անձինք սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող են ընդունվել ժամանակավոր աշխատանքի, եթե այն չի խոչընդոտում նրանց պարտադիր կրթության գործընթացը:
- Մինչև 18 տարեկան անձինք կարող են ընդգրկվել միայն այնպիսի աշխատանքներում, որոնք չեն վտանգում նրանց առողջությունը (այդ թվում՝ ֆիզիկական և մտավոր զարգացումը), բարոյականությունը, չեն սպառնում նրանց անվտանգությանը և չեն խոչընդոտում նրանց պարտադիր կրթությունը: Մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող և որոշակի աշխատանք կատարող մինչև տասնութ տարեկան անձանց աշխատանքը կազմակերպվում է սույն օրենսգրքի 148-րդ և 257-րդ հոդվածներով նախատեսված առանձնահատկությունները հաշվի առնելով։
- Մինչև 18 տարեկան անձինք չեն կարող ընդգրկվել աշխատանքի հանգստյան, ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին, բացառությամբ մարզական և մշակութային միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում աշխատանքային պայմանագրով սահմանված որոշակի աշխատանք կատարելու դեպքերի:
- Մինչև 18 տարեկան անձինք ունեն աշխատանքի արտոնյալ պայմանների իրավունք: Այդ անձանց համար սահմանվում է աշխատաժամանակի կրճատ տևողություն՝ սույն օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխան: