
Մայիսի 25-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 01:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Արեշ 9-րդ փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նոր Արեշ 9-րդ փողոցի բնակիչ 47-ամյա Հայկուհի Ե.-ն է։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը ժամը 01:00-ի սահմաններում Նոր Արեշ 9-րդ փողոցի տներից մեկի մոտ բարձրաձայն զրուցելու համար վիճաբանություն է առաջացել նույն փողոցի բնակիչ անչափահաս տղայի և նշված հասցեի մոտ հավաքված թվով 5 անծանոթ երիտասարդների միջև։
Վիճաբանությանը միջամտել են անչափահասի հարազատներ՝ նույն փողոցի բնակիչներ 54-ամյա Արթուր Ե.-ն, հիվանդանոց տեղափոխված Հայկուհի Ե.-ն և 22-ամյա Սեյրան Ե.-ն, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի և այդ ժամանակ հակառակ կողմի մասնակիցներից մեկը իր մոտ գտնվող դեռևս չպարզված հրազենով կրակոցներ է արձակել, ապա դիմել են փախուստի։ Իսկ Հայկուհի Ե.-ն տեղափոխվել է հիվանդանոց։
Ոստիկանությունը ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ դեպքի մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։