Երեկ՝ ապրիլի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հալաբյան փողոցից դանակահարված քաղաքացի է Երևանի 103 շտապօգնության հերթապահ խմբի կողմից տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։
Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ նա Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Արսեն Դ.-ն է, ով դանակահարվել է Հալաբյան փողոցում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ։
Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորն աշխատում է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում և թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդն է։
