Երևանում հանրային տրանսպորտի մասնակցությամբ ավտովթարների վիճակագրությունը վերջին տարիներին մտահոգիչ աճ է գրանցում։ Թեև հաճախ մեղավորության սլաքն ուղղվում է դեպի վարորդները, սակայն իրականությունն ու պատճառները շատ ավելի խորն են, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Ըստ վարորդի՝ իրենց սկսել են պարզապես շահագործել՝ անտեսելով աշխատանքային օրենսգրքով սահմանված բոլոր նորմերը։ Շաբաթական 40 ժամվա փոխարեն վարորդներն աշխատում են օր ու մեջ, սակայն այդ մեկ աշխատանքային օրը տևում է սարսափելի երկար՝ 18-ից 20 ժամ։ Առավոտյան ժամը 5-ից սկսվող հերթափոխն ավարտվում է միայն գիշերվա ժամը 1-ին, ինչի հետևանքով վարորդները, հատկապես տարիքով տղամարդիկ, մշտական գերհոգնածության մեջ են և երբեմն պարզապես քնում են ղեկին։ Սա է այն հիմնական պատճառը, որը հանգեցնում է ծանր հետևանքներով վթարների, սակայն համակարգում տիրող «տուպիկային» վիճակը թույլ չի տալիս բարձրաձայնել խնդրի մասին։
Վարորդների բողոքներին ի պատասխան հաճախ հնչում է նույն պայմանը՝ կա՛մ համակերպվել, կա՛մ թողնել աշխատանքը։ Մարդիկ ստիպված են քշել ու վտանգել սեփական ու ուրիշների կյանքը, քանի որ կանգնած են օրվա հացը վաստակելու խնդրի առաջ։ Իրավիճակն ավելի է բարդացել նոր վճարային համակարգի ներդրմամբ, որի հետ կապված ողջ պատասխանատվությունն ու հոգսը կրկին ընկել է վարորդների ուսերին։ Ավելին, ցանկացած վթարի դեպքում նյութական վնասի ծախսերը նույնպես թողնվում են վարորդի վրա։ Այսօր վարորդները խնդրում և պահանջում են կարգավորել աշխատանքային պայմանները, որպեսզի հնարավորություն ունենան արժանապատիվ աշխատելու, իսկ հակառակ դեպքում պատրաստ են բոլորով դուրս գալ աշխատանքից։
