e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման հարթակում հանրային քննարկման ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնցով փակվում է վարորդական իրավունքից զրկված անձանց՝ ակտի բողոքարկումով տարիներով քրեական պատասխանատվությունից խուսափելու հնարավորությունը։
Ներկայումս վարորդական իրավունք չունեցող անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար պետք է նախ նրա նկատմամբ կիրառված լինի վարչական պատասխանատվություն։ Սակայն գործնականում վարորդները վարչական ակտը վիճարկելու միջոցով տևական ժամանակ զերծ են մնում քրեական պատասխանատվությունից և շարունակում մասնակցել ճանապարհային երթևեկությանը։
Նախագծի հիմնավորումն ուղղակիորեն փաստում է՝ «անձի նկատմամբ վարչական պատասխանատվություն կիրառված լինելը գործնականում դարձել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցված, այն չունեցող կամ դրանից զրկված անձին քրեական պատասխանատվության ենթարկելու ոչ թե նախապայման, այլ գործնական խոչընդոտ»։
Ի՞նչ իրավակարգավորումներ է առաջարկվում
Փոփոխությունների համաձայն՝ քրեական պատասխանատվության համար բավական կլինի վարչական ակտի կայացումը՝ անկախ դրա բողոքարկումից։ Այսինքն՝ եթե ոստիկանությունը որոշում է կայացրել վարորդական իրավունքից զրկելու կամ այն կասեցնելու մասին և անձը այդ որոշումը բողոքարկել է դատարան, սակայն կրկին է վարել ավտոմեքենա, նա կհետապնդվի քրեական կարգով։
Ավելին՝ առանձին հանցակազմ է սահմանվում վարչական ակտը չկատարելու համար ինքնին։ Օրինակ՝ եթե դատարանը զրկել է իրավունքից, իսկ անձը չի հանձնել վկայականը և շարունակում է վարել, սա առանձին հանցանք է դառնում։

Ինչքա՞ն է խստանում պատասխանատվությունը
Առաջին անգամ առանց իրավունքի վարելու համար վարչական տույժը բարձրանում է չորս անգամ՝ հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկ նվազագույն աշխատավարձ։
Կրկնակի խախտման դեպքում սպառնում են քրեական պատիժներ՝ տասնապատիկից քսանապատիկի չափով տուգանք, 100-200 ժամ հանրային աշխատանքներ, մինչև երկու ամիս կարճաժամկետ ազատազրկում կամ մինչև մեկ տարի ազատազրկում։
Հարբած վիճակում կամ զննությունից հրաժարվելու դեպքում՝ քսանապատիկից քառասունապատիկի տուգանք, 150-270 ժամ հանրային աշխատանքներ կամ մեկից երեք տարի ազատազրկում։

Ինչո՞ւ է անհրաժեշտ համաձայնությունը հանել
Նախագիծը վերացնում է հանրային աշխատանքների կիրառման համար դատապարտյալի համաձայնության պահանջը։ Պատճառն այն է, որ այս պատժատեսակը գործնականում շատ քիչ է կիրառվում՝ 2025 թվականի առաջին կիսամյակում 10,573 դատավճիռներից միայն 1,164-ը եղել է հանրային աշխատանքներ, իսկ 8,935-ը՝ տուգանք։
Մշակողների փաստարկով՝ Միջազգային աշխատանքային կազմակերպության 1930 թվականի կոնվենցիան արգելում է հարկադիր աշխատանքը, բայց դատարանի դատավճռով նշանակված աշխատանքը հարկադիր աշխատանք չէ համարվում։
Ո՞րն է փոփոխությունների նպատակը
Նախագծի հիմնավորումը նշում է, որ փոփոխությունները մաս են կազմում դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարության՝ Քրեական օրենսգրքի կիրառման մոնիթորինգի և գործնական խնդիրների վերհանման պահանջի իրականացման։
Նախարարությունը նպատակ է դնում «ապահովել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքերին պետության պատշաճ իրավական արձագանքը»։
Օրենքը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը
