![](https://socialmedia.am/wp-content/uploads/2025/02/228f2e84-6dd0-42b0-89ed-2961b18c03bf-504x270.jpg)
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարան (Չարենցավանի նստավայր), որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի Կոտայքի մարզի բնակիչ Կարեն Բ.-ի նկատմամբ:
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչութայան Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի ճանապարհահատվածում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ:
Օպերատիվորեն ժամանել էին քրեական ոստիկանության Կոտայքի վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Բաբկեն Աղաբաբյանը, բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանը:
Հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու պարեկները պարզել էին, որ վիրավորներն են Արթուր Ս.-ն և Վախթանգ Ա.-ն:
Դեպքի փաստով քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի որոշմամբ ստղեծվել էր քննչական խումբ, քննչական խմբի ղեկավար Տ. Բաղյանի որոշմամբ նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Կոտայքի մարզի քրեական ոստիկանները՝ վարչության պետ Ա. Զաքարյանի գլխավորությամբ պարզել էին, թե որ ուղղությամբ էր փախել նա և գնացել են այդ ուղղությամբ:
Հասնելով Քանաքեռավան գյուղի տարածքում գործող բենզալցակայնի մոտ, Կարեն Բ.-ն չի ենթարկվել ոստիկանների «կանգ առ» օրինական պահանջին, ապա կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ:
Ի վերջո քրեական ոստիկաններին հաջողվել էր վնասազերծել նրան ու բերման ենթարկել ոստիկանություն: