Այսօր՝ նոյեմբերի 15-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Արդեն մոտ մեկուկես ժամից ավելի է՝ Իսակովի պողոտայում դեռ սովետական տարիներից գործող, ժողովրդի կողմից «Կիլիկիա ավտոկայան» անունը ստացած ավտոկայանից մարզեր մեկնող մեծ թվով քաղաքացիներ չեն կարողանում մեկնել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը տեսչական մարմնի կողմից գծերի ստուգումն է եղել և հայտնաբերվել են խախտումներ, այդ թվում «լևի» տրանսպորտային միջոցներ շահագործելու դեպքեր ու հիմա քաղաքացիները փաստի առաջ են կանգնել ու մնացել են հույսով, թե երբ «Գազելները» կշարժվեն։
Այս պահին ժամանել են մեծ թվով ոստիկանական ուժեր, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկներ, իսկ բնակիչներին չի հետաքրքրում, թե ով է գծատերը, իրենց համար կարևորը՝ տրանսպորտը ժամանակին լինի և իրենք ապահով հասնեն իրենց գործին ու գործից վերադառնան տուն։