Այսօր՝ նոյեմբերի 8-ին, սպանություններ են տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանություն գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արտաշատ» բժշկական կենտրոն հրազենային վիրավորումով տեղափոխվել է 2 քաղաքացու դի։
Դեպքի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Ժամանել են նաև փորձաքրեագետները։
Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածների ինքնությունը։Դեպքի վայրում՝ Արտաշատ քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի բակում, հայտնաբերվել են որսորդական հրազենից կրակված մոտ 10 պարկուճ, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենա՝ դիմապակին ամբողջությամբ վնասված, և արնանման հետքեր։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները ազգականներ են։