Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի՝ ժողովրդին հայտնի «կինոյի խաչմերուկում», դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Հարություն Խաչատրյանի վարած «BMW X6» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Արա Հովհաննիսյանի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար վթարի հետևանքով տուժածներ չկան։Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հերթապահ ծառայության պետ, օրվա պատասխանատու Արտակ Դիլոյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ներսես Ասատրյանն ու կրտսեր պարեկ Սևակ Գալստյանը։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ։Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։