Այսօր՝ նոյեմբերի 9-ին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել «Հյուսիս-հարավ» նոր կառուցված ճանապարհի Երևանի Սիլիկյան թաղամասից դեպի ժողովրդին հայտնի «4-րդ գյուղի» ճանապարհին՝ Շերամի փողոցում։ Ժամը 11։00-ի սահմաններում «Howo» մակնիշի խճաքարով բարձված բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել՝ հայտնվելով քաղաքացու սեփականություն հանդիսացող տարածքում։
Տարածքը սահմանազատել են պարեկները։Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետ տեղակալ Արթուր Հովհաննիսյանի և ավագ քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։Ականատեսներից մի քանիսը նշում էին, որ հավանաբար ավտոմեքենան տեխնիկական խնդիր է ունեցել ու եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, ապա կբախվեր մի քանի ավտոմեքենաների։