ArmLur.am-ը տեղեկացավ, որ նոյեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում կքննարկվի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագիծը։
Նախագիծը ներառված է ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի՝ նոյեմբերի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում ընդգրկված հարցերի շարքում։
Ներկայացված հիմնավորման համաձայն՝ նախաձեռնությունը վերաբերում է ֆիզիկական անձանց եկամտային հարկի հաշվին հասարակական կազմակերպություններին, բարեգործական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և կուսակցություններին ֆինանսական աջակցություն տրամադրելու հնարավորության ընդլայնմանը։
Մասնավորապես, գործող համակարգով հայտարարատուները հնարավորություն ունեն իրենց վճարած եկամտային հարկից հետ ստանալու որոշակի գումարներ՝ առողջապահության և կրթության ծառայությունների գծով կատարված սոցիալական ծախսերի դիմաց։
Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ գործող կարգավորումները բավարար չափով չեն խթանում ֆիզիկական անձանց կողմից հասարակական կազմակերպություններին և բարեգործական գործունեություն իրականացնող կառույցներին ֆինանսական աջակցություն տրամադրելը։
Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ընդլայնել եկամտային հարկի վերադարձի մեխանիզմը՝ այն կիրառելի դարձնելով նաև հասարակական և բարեգործական գործունեության ֆինանսավորման որոշ դեպքերում։
Հիմնավորման մեջ նշվում է, որ նախաձեռնության նպատակն է զարգացնել սոցիալական ծախսերի համակարգը, խթանել հասարակական կազմակերպությունների ֆինանսավորումը և քաղաքացիների մասնակցությունը հասարակական գործընթացներին։
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից։ Այն նախ կքննարկվի ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում, ապա նախատեսվում է ընդգրկել խորհրդարանի հերթական նիստերի օրակարգում։
Սոնա Գրիգորյան
