Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ, պատրիարք Կիրիլին (աշխարհիկ անունը՝ Վլադիմիր Գունդյաև) ավելի քան կես դար ուղեկցում է Լիդիա Լեոնովան, որը բնակվում է նրա բնակարանում և միասին նրա հետ մեկնում է արտասահմանյան ուղևորությունների։ Կրեմլի ամենահայտնի քարոզիչներից լրագրող Վլադիմիր Սոլովյովը նրան ներկայացրել է որպես պատրիարքի հեռավոր զարմուհի, սակայն դա չի համապատասխանում իրականությանը․ այս մասին վկայում է «Պրոյեկտ» հարթակի հետաքննությունը, փոխանցում է Meduza-ն։
«Պրոյեկտը» պնդում է, որ նա փաստացի կատարում է պատրիարք Կիրիլի քաղաքացիական կնոջ դերը։
Հետաքննության համաձայն՝ հենց Լեոնովան է 2019 թվականին Կիրիլի հետ ինը օր անցկացրել է Բաքվում, որտեղ պատրիարքը նշում էր իր ինտրոնիզացիայի տասնամյակը և այդ ընթացքում գրեթե չէր հայտնվում հանրային միջոցառումներին։
Լեոնովայի անունը մամուլում առաջին անգամ հայտնվել է 2012 թվականին՝ Մոսկվայի «Նաբերեժնայա տան» էլիտար բնակարանի շուրջ սկանդալի ժամանակ։ Բնակարանը պատկանում էր պատրիարքին և բացվում էր դեպի Քրիստոս Փրկչի տաճար։ Ներքևի հարևանը՝ առողջապահության նախկին նախարար Յուրի Շևչենկոն, վերանորոգման աշխատանքների ընթացքում շինարարական փոշով վնասել էր վերևի բնակարանը։ Դատարան ներկայացված հայցը, սակայն, չի ներկայացրել պատրիարքը, այլ՝ Լիդիա Լեոնովան։
Կանոնական իրավունքը պատրիարքին արգելում է ամուսնանալ։ Այդ ժամանակ Սոլովյովը հայտարարում էր, թե պատրիարքն իրեն ասել է, որ ինքը այդ բնակարանում, որը նվեր էր ստացել իշխանություններից, մեկ շաբաթ անգամ չի ապրել, և այնտեղ մշտապես բնակվել են «իր հեռավոր զարմուհիները»՝ Լեոնովան և մեկ այլ կին։
Այնուամենայնիվ, Կիրիլի և Լեոնովայի կենսագրական տվյալները ցույց են տալիս, որ նրանք ազգական չեն։
«Պրոյեկտ»-ի տվյալներով՝ 1971 թվականին Լեոնովան (աղջկական ազգանունը՝ Խոլոդովա) ամուսնացել է ուկրաինացի Միխայիլ Լեոնովի հետ, սակայն, հավանաբար, այդ ամուսնությունը կարճ է տևել։ Նրա հետագա կյանքի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։ Միայն հայտնի է, որ 1984 թվականին, երբ Գունդյաևը ծառայության է ուղարկվել Սմոլենսկ, Լեոնովան մեկնել է նրա հետ։
Լեոնովայի անունով գրանցված է ընտանեկան ընկերություն՝ «Վլադոլիդ» խոսուն անվամբ (հավանաբար՝ Վլադիմիր և Լիդիա անունների համադրություն), մի շարք բնակարաններ, հողամասեր, ավտոմեքենաներ, ինչպես նաև առանձնատուն՝ Մոսկվայի մարզի Սիվկովո գյուղում՝ «Պատրիոտ» զբոսայգու դիմացի հատվածում։
