
Armlur.am-ը գրում է. «ԱԺ օրակարգում Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունն է: Թեկնածուներն են ԲԴԽ անդամ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, դատավոր Լուսինե Աբգարյանը եւ Նելլի Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 19-ին նախատեսված էր, որ Ազգային ժողովում կքննարկվի Բարձրագույն դատական խորհրդի առաջարկած երեք թեկնածուների հարցը․ Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի և Նելլի Բաղդասարյանի, որոնցից մեկը պետք է ընտրվեր Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղում։ Սակայն հարցի քննարկումը անսպասելիորեն հետաձգվեց։
Եվ ահա հետաձգումը «գին» ուներ եւ պատահական չէր արվել։ Նիստը հետաձգվեց ու դեռ ավելին՝ արձակուրդ գնացող Դանիելյանը արձակուրդը հետաձգեց, եւ համակարգիչն էլ նրան ընտրեց քննել գործարար Սամվել Կարապետյանի կալանքի դեմ պաշտպանների բողոքը․ նա մերժեց գործարարին կալանքից ազատելու հայցը, եւ Սամվել Կարապետյանը մինչ օրս անազատության մեջ է ու պահվում է ԱԱԾ մեկուսարանում։