
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բարեգործ Սամվել Կարապետյանը, որն այս պահի դրությամբ պահվում է Արմավիր քրեակատարողական հիմնարկում, գտնվում է խիստ մեկուսացման պայմաններում։ Մեր վստահելի աղբյուրների փոխանցմամբ՝ քննիչի որոշմամբ արգելվել են բոլոր տեսակցությունները, այդ թվում՝ ընտանիքի անդամների հետ։ Միակ բացառությունը նրա փաստաբանն է։
Նկատելի է նաեւ անսպասելի շրջադարձ քրեակատարողական հիմնարկի ընտրության հարցում։ «Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրներից տեղեկացավ, որ մինչ այս որոշված էր Կարապետյանին տեղափոխել Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան կամ «Վարդաշեն» ՔԿՀ, սակայն վերջին պահին որոշվել է տեղափոխել Արմավիր։
Մեր տեղեկություններով՝ որոշումը կայացվել է գրեթե անմիջապես տեղափոխությունից առաջ։
Քաղաքական շրջանակներում սա գնահատվում է որպես փորձ՝ բարեգործին ճնշման տակ պահելով ստիպել հրաժարվել իր դիրքորոշումներից, մասնավորապես՝ Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանությունից։ Այս գործընթացը, ըստ վերլուծաբանների, միտված է նսեմացնելու Կարապետյանի հասարակական կերպարը եւ նրան մենակ թողնելու պետության դեմ պայքարում։ Արմավիրում պահվում են ե՛ւ կալանավորները ե՛ւ դատապարտյալները»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: