
Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի աշխատակազմը հայտարարել է երկրում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց հաջորդող պետական հեղաշրջման փորձի կանխման մասին։
«Անվտանգությունն ապահովելու, սահմանադրական կարգն ու քաղաքացիական իրավունքները ոտնձգություններից ու խախտումներից պաշտպանելու նպատակով՝ Ազգային անվտանգության պետական կոմիտեն հայտնաբերել և ճնշել է էթնիկ ատելություն հրահրելու նախապատրաստության դեպքեր՝ դրան հաջորդող զանգվածային բողոքի ակցիաներով և անկարգություններով»,-նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի տվյալներով՝ խմբավորման բոլոր անդամները, որոնք մտադիր են եղել իրականացնել այդ ծրագրերը, բացահայտվել և կալանավորվել են։
«Նրանցից մեկը գտնվում էր Ղրղզստանից դուրս՝ ենթադրաբար ԱՄԷ-ում։ Նշված խումբն իր մտադրություններն իրականացնելու համար ծրագրել է նկարահանել կեղծ սադրիչ տեսանյութ՝ ծեծված, կիսամերկ ղրղզ աղջկա կոչով, ով իբր բռնության է ենթարկվել օտարերկրյա քաղաքացիների կողմից»,-նշել է գերատեսչության մամուլի կենտրոնը։
Հաղորդվում է, որ ներկայում աշխատանքներ են տարվում կազմակերպիչներին բռնելու ուղղությամբ։
«Այսպիսով, ձեռնարկված միջոցառումների արդյունքում Ազգային անվտանգության պետական կոմիտեն կանխել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձը նշված ծրագրերի նախապատրաստման և իրականացման վերջին փուլում»,– ասված է զեկույցում։