Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները երեխաներին թույլ չեն տալիս հայ–ադրբեջանական սահմանից 50 մետր հեռավորության վրա գտնվող նորակառույց դպրոցի բակի խաղահրապարակում խաղալ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, NEWS.am–ի հետ զրույցում պատմեց Աճարկուտի բնակիչ Կարեն Ղազարյանը՝ նշելով, որ բնակիչների զգուշավորության պատճառը վերջին շրջանում հակառակորդի տարածքում նկատվող կուտակումներն են։
Նրա խոսքով, հենց դա է եղել պատճառը, որ Կիրանցի բնակիչներն ավելի զգուշավոր են դարձել, և երեխաներին զգուշացնում են՝ հեռու մնալ պատից ընդամենը 30 մետր հեռավորության վրա գտնվող խաղադաշտից։
«Պաշտոնյաները խոստացել էին, որ նորակառույց դպրոցն անվտանգ է լինելու և խնդիրներ չեն առաջանալու, այդ պատճառով էլ առաջին մի քանի օրերի ընթացքում դպրոցի տնօրինությունը նման ցուցադրական ներկայացումներ էր կազմակերպում, երեխաներին տանում խաղահրապարակ, որպեսզի ցույց տան, իբր իսկապես անվտանգ է»,–ասաց Կարեն Ղազարյանը։