tert.am/life-ը գրում է․ «Մոսկվա» կինոթատրոնը վերաբրենդավորվել է՝ այսուհետ «Կինոմոսկվա»: Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, կայացավ «Մոսկվա» կինոթատրոնի վերաբացման հանդիսավոր արարողությունն և տարվա ամենասպասված ֆիլմերից մեկի՝ «Ջոկեր»-ի փակ նախադիտումը: Երեկոյին ներկա էին կինոաշխարհի մարդիկ, մշակութային հայտնի դեմքերն ու շոու բիզնեսի ներկայացուցիչները:
Հիմնանորոգվել են բոլոր սրահները, համալրվել գերժամանակակից տեսալսողական սարքերով ու կահավորանքով։ Թարմացվել է օդափոխության և ջեռուցման համակարգը, հիմնովին բարեկարգվել են սանհանգույցները։
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով «Մոսկվա» կինոթատրոնի շենքի պատմամշակութային արժեքը, արտաքին հարդարման և մաքրման աշխատանքների ժամանակ խստիվ պահպանվել է հուշարձանի ինքնատիպությունը։
Անահիտ Խաչատրյանի խոսքով՝ տեխնիկական վերազինմամբ նորացվել են կինոթատրոնի և՛ ձայնային տեխնիկան, և՛ էկրանները: Տեղադրվել են կինոէկրանների արտադրության ոլորտում առաջատար Harkness Screens բրիտանական ընկերության առանձանահատուկ էկրաններ։ Լազերային պրոյեկցիայի պայմաններում դրանք ապահովում են գույնի պայծառություն և լույսի հավասարաչափ բաշխում, ինչը թույլ է տալիս դահլիճի ցանկացած անկյունից տեսնել բարձր որակի պատկեր:
«Կինոդահլիճներն անցնում են 4K լազերային պրոյեկցիայի․ Barco SP4K-35 4-րդ սերունդ. սա նշանակում է, որ պատկերի հստակությունն այսուհետ կապված չէ լամպերից: «Կինոմոսկվայի» դահլիճներում տեղադրվել են DOLBY CP950 նորագույն ձայնային պրոցեսորներ, որոնք թույլ են տալիս իրականացնել ձայնային կարգավորումներ նաև ATMOS տեխնոլոգիաներին համապատասխան: LUIS Wassman ձայնային համակարգը հնարավորություն է տալիս հավասարաչափ տարածել ձայնը դեպի դահլիճի նստելատեղեր՝ զգալիորեն բարձրացնելով ընկալման որակը և մեծացնելով տպավորությունը»,- նշեց Անահիտ Խաչատրյանը:
Տարվա ամենասպասված ֆիլմերից մեկի՝ «Ջոկեր. Խելագարություն երկուսի համար» ֆիլմի տարածաշրջանային եզակի փակ ցուցադրությանը նախորդեց երաժշտական ծրագիր և հատուկ ֆիլմ՝ նվիրված «Մոսկվա» կինոթատրոնի վերաբացմանն ու վերաբրենդավորմանը: