Լոս Անջելեսի Dolby թատրոնում անցկացվել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության 97-րդ արարողությունը, որի ընթացքում մրցանակներ են շնորհվել 2024 թվականին լույս տեսած ֆիլմերին։
«Անորա»-ն, որում հանդես են եկել նաև Վաչե Թովմասյանը և Կարեն Կարագուլյանը, դարձել է այս տարվա մրցանակաբաշխության գլխավոր հաղթողը՝ ստանալով 5 մրցանակ, այդ թվում՝ «լավագույն ֆիլմ», «լավագույն դերասանուհի», «լավագույն ռեժիսոր», «լավագույն օրիգինալ սցենար» և «լավագույն մոնտաժ» անվանակարգերում։
Եվ այսպես, «լավագույն ֆիլմ» անվանակարգում «Անորա»-ի հետ միասին առաջադրվել էին Բրեյդի Քորբեթի «Բրուտալիստը», Ջեյմս Մենգոլդի «Բոլորին անհայտը», Էդվարդ Բերգերի «Կոնկլավ»-ը։ «Լավագույն ֆիլմ»-ի տիտղոսին էին հավակնում նաև «Սուբստանցիա», «Էմիլիա Պերես», «Դյունա. մաս 2», «Ես դեռ այստեղ եմ», «Նիկելե տղաները», «Չարը» ֆիլմերը։
