Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժին են զանգահարել «Մուրացան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ շտապօգնության 01 խումբը «քթոսկրի կոտրվածք, ԳՈՒՎ հարցական» ախտորոշմամբ Երվանդ Քոչար փողոցում գտնվող «Սքեյթ պարկից» իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։
Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Շիրակի մարզի բնակիչ 16-ամյա Հ․ Կ․-ն է, ում այնտեղից տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 18։45-ի սահմաններում՝ «Սքեյթ պարկում» ընկերուհու հետ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, վերջինիս կողմից հարված ստանալու հետևանքով:
Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։