Արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Տափերական գյուղում, միջնակարգ դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհուհու նկատմամաբ խափանման մի քանի միջոց է ընտրվել, նա ազատվել աշխատանքից։ Այս մասին Panorama.am-ին պատմեցին դասարանի ծնողները։
Արդեն մեկ շաբաթ այս դպրոցում լարված իրավիճակ է, գրեթե ամեն օր դպրոց են գալիս ոստիկանները, հարցեր են տալիս ուսուցիչներին, դասարանի աշակերտներին, ծնողներին, նաև տարրական մյուս դասարանների աշակերտներին։
Panorama.am-ի սոցցանցերի միջոցով ստացած տեղեկատվության համաձայն, դասարանում երեխաներին լուռ պահելու նպատակով ուսուցչուհին՝ Վարդանյանը կպչուն ժապավենով (սկոտչով) փակել է 10–15 երեխայի բերանները։ Ծնողի խոսքով՝ հայտնի չէ, թե որքան ժամանակ են երեխաները մնացել այդ վիճակում։
«Տանը հանկարծ չպատմեք, դա կլինի խաբարբզիկություն, հետո էլ չեմ թողնի ինձ գրկեք»,-երեխաներին ասել է ուսուցչուհին, որը նրանց լռեցնելու նպատակով իրականացրած բռնությունը խաղ է ներկայացրել՝ ըստ երևույթին ավելի ուշ գիտակցելով արարքը։
Դեպքի մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ երեխաներից մեկի դեմքը կպչուն ժապավենը հեռացնելիս վնասվել է։
Դպրոցի տնօրեն Նաիրա Սարգսյանը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ հայտնելով, որ դեպքից հետո ուսուցչուհին ազատվել է աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն։
«Ուսուցչուհին ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն։ Հանդիպում եմ ունեցել ես ծնողների հետ, որից հետո ուսուցչուհին եկավ և հրաժարվեց իր աշխատանքից, գնաց։ Բնականաբար, այս ամեն ինչը չէր կարող անաղմուկ և անհետևանք մնալ։ Մասնակից եղան նաև ոստիկանները»,- պատմեց նա։
Panorama.am-ի տեղեկություններով, ուսուցչուհին ազատման դիմում գրել է դպրոց եկած ծնողների բողոքների ճնշման ներքո։ Ավելի ուշ նա սկսել է զանգահարել ծնողներին, ներողություն խնդրել, շնորհակալություն հայտնել, ապա տեղեկացրել, որ իրեն 72 ժամով ձերբակվելու որոշում կա։
Տնօրենի խոսքով՝ դասվարն այսուհետ դպրոցում չի աշխատելու, նաև ոչ ոք նրան չի պարտադրել դիմում գրել։
Ի՞նչ հոդվածով է նրա նկատմամբ վարույթ հարուցվել։ Քննչական կոմիտեից Panorama.am-ի հայտնեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել մեկ անձի նկատմամբ՝ Քրեական օրեսնգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ անչափահասի նկատմամբ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը։
Քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածի այդ կետերը սահմանում են. «Անձին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով»։
Ըստ տեղեկությունների, հակամանկավարժական ու բիրտ մեթոդներով աչքի ընկած ուսուցչուհին նոր էր ավարտել բուհը, ընդամենն ամիսներ առաջ էր ընդունվել դպրոց աշխատանքի, Տափերականի հարևան գյուղերից մեկից է։
Ուշագրավ է, որ անփորձ ուսուցչուհուն վստահել են 33 հոգանոց առաջին դասարան։ Դասարանը երկու մասի բաժանելու վերաբերյալ ծնողների տևական խնդրանքներն այդպես էլ արձագանք չեն ստացել դպրոցի տնօրինության կողմից։
