Ավելի քան 118,000 մարդ պահանջում է չեղարկել Netflix-ի նոր սերիալը՝ «սատանիզմի» և «քրիստոնյաներին վիրավորելու» պատճառով

Netflix-ի նոր «The Body» սերիալը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ դեռևս նախքան հարթակի վարկանիշում ամրապնդվելու հնարավորություն ունենալը։ Ավելի քան 118,000 մարդ ստորագրել է խնդրագիր, որով պահանջում են չեղարկել շոուն՝ մեղադրելով դրա ստեղծողներին հայհոյանքի, սատանիզմի տարածման և քրիստոնեական արժեքները վիրավորելու մեջ։

Նոյեմբերի 11-ին պրեմիերան ունեցած ութ մասից բաղկացած դեռահասների դրաման պատմում է կաթոլիկ դպրոցի պարային թիմի մասին։ Այն ստեղծել է Քուին Շեփարդը, որը գրել, խաղացել և ռեժիսորել է սերիալը։

Հելոուինի երեկույթի ժամանակ աղջիկները բեմադրում են սատանայական ծես՝ կեղծելով իրենց դասընկերներից մեկի զոհաբերությունը որպես անմեղ կույս։ Սակայն, դրանից հետո թիմի անդամները սկսում են մարգարեական տեսիլքներ տեսնել, ինչը զանգվածային հիստերիայի ալիք է առաջացնում իրենց քաղաքում։ Հենց այս սյուժեն էր, որը վրդովմունք է առաջացրել որոշ կրոնական խմբերի շրջանում։ CitizenGO հարթակում մեկնարկել է խնդրագիր՝ պահանջելով սերիալի չեղարկումը՝ այն անվանելով «սատանայական ծեսերով հայհոյող, հակաքրիստոնեական նախագիծ»։

«Ծնողները չեն կարող ստուգել իրենց դեռահասների դիտած յուրաքանչյուր սերիալ։ Netflix-ը հույսը դնում է դրա վրա», – նշվում է խնդրագրում։

Նոյեմբերի 19-ին՝ պրեմիերայից մի փոքր ավելի քան մեկ շաբաթ անց, խնդրագիրը հավաքել էր ավելի քան 118,000 ստորագրություն։ Դրա հեղինակները նաև քննադատել են Netflix-ի գովազդային արշավը՝ ընդգծելով հարթակի հրապարակված լուսանկարները, որոնցում սերիալի հերոսները պատկերված են որպես սրբեր։

Չնայած քննադատության ալիքին՝ «Մարմինը» բարձր դիտման ցուցանիշներ է ունեցել։ Variety-ի տվյալներով՝ սերիալը ԱՄՆ-ում առաջին հինգ օրերի ընթացքում հավաքել է 5.1 միլիոն դիտում։ Հրապարակման պահին այն նաև երրորդ տեղն է զբաղեցրել Netflix-ի Կանադայում ամենաշատ դիտվող տասնյակի շարքում։

Սա առաջին սկանդալը չէ, որի բախվում է Netflix-ը

Խնդրագրի հեղինակները նաև մեջբերել են հոսքային հսկայի այլ նախագծեր, որոնք նախկինում վրդովմունք են առաջացրել կրոնական և հասարակական կազմակերպությունների շրջանում։ Մասնավորապես, նրանք հիշատակել են 2019 թվականի բրազիլական «Քրիստոսի առաջին գայթակղությունը» կատակերգությունը, որը քննադատության ենթարկվեց Հիսուսի երգիծական պատկերման համար: Խնդրագրում նաև հիշատակվում է 2020 թվականի ֆրանսիական «Cuties» դրաման, որը մեղադրվում էր 11-ամյա աղջիկներին սեռականացնելու մեջ։

Այնուամենայնիվ, նման բողոքները հազվադեպ են հանգեցնում հարթակներից վիճահարույց բովանդակության հեռացմանը։

2019 թվականին ավելի քան 20,000 մարդ ստորագրել է մի խնդրագիր՝ պահանջելով չեղարկել Good Omens սերիալը՝ պնդելով, որ այն ծաղրում է Աստծուն և նորմալացնում սատանիզմը: Սակայն արշավի կազմակերպիչները սխալ են թույլ տվել. խնդրագիրն ուղարկվել է Netflix-ին, չնայած սերիալը արտադրվել էր Amazon-ի կողմից: Հետագայում սերիալը երկարաձգվել է երկրորդ և երրորդ եթերաշրջաններով: 2021 թվականին Netflix-ի մոտ 100 աշխատակից բողոքի ցույց են անցկացրել ընկերության Լոս Անջելեսի գլխավոր գրասենյակի դիմաց: Նրանք դեմ էին Դեյվ Շապելի «The Closer» կատակերգական հատուկ թողարկմանը՝ կատակերգուին մեղադրելով տրանսֆոբիայի մեջ: Չնայած բողոքի ցույցերին՝ Netflix-ը չի հեռացրել շոուն իր կատալոգից։ «Սաութ Փարք» մուլտսերիալը նույնպես բազմաթիվ վեճերի առարկա է դարձել՝ բազմիցս քննադատության արժանանալով քրիստոնյաների, մուսուլմանների, մորմոնների և Դոնալդ Թրամփի վարչակազմի անդամների կողմից։ Այնուամենայնիվ, շոուն շարունակում է հեռարձակվել՝ ներկայումս ունենալով 29 եթերաշրջան։

 NEWS.am STYLE

Latest

Պարզվել է, թե ով է աղմկահարույց «Դինո վազք»-ի կազմակերպիչը
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Ավելի քան 118,000 մարդ պահանջում է չեղարկել Netflix-ի նոր սերիալը՝ «սատանիզմի» և «քրիստոնյաներին վիրավորելու» պատճառով
Օրենքով գողերին՝ տնային կալանք, ընդդիմադիրներին՝ կալանք․ որ դատավորը տուն ուղարկեց ԶԱՊ-ին և մյուսներին
Հայաստանում հիմնվում է ռոբոտաշինության և ֆիզիկական արհեստական բանականության կենտրոն
Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ
Տնային կալանքի տակ գտնվող տղամարդը ծեծել է կնոջը և սպառնացել ատրճանակով․ հայտնաբերվել է լիցքավորված զենք
Աճուրդի կհանվի պահպանված ամենահին Bugatti Type 37-ը, որը գրեթե կես դար պատկանել է մեկ ընտանիքի
Հնդկական ստարտափը կառուցում է «ջերմաչափ Երկրի համար». արբանյակները կկարողանան ջերմաստիճանը չափել առանձին փողոցի ճշգրտությամբ