Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին

Tesla ընկերությունը սկսել է առանձին հաճախորդների հրավերներ ուղարկել՝ անձնական օգտագործման համար Cybercab անօդաչու էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար։ Մեքենայի մոտավոր արժեքը 29 990 դոլար է՝ առանց հարկերի, իսկ առաջին մատակարարումները նախատեսվում են դեկտեմբերին։ Այս մասին ընկերությունն ուրբաթ հայտնել է X սոցիալական ցանցում։

«Առանձին հաճախորդներ արդեն հրավերներ են ստանում՝ Cybercab-ն անձնական օգտագործման համար ձեռք բերելու նպատակով»,– ասված է Tesla-ի հաղորդագրության մեջ։

Առանց ղեկի և ոտնակների երկտեղանոց էլեկտրամոբիլը ներկայացվել էր 2024 թվականի հոկտեմբերին։ Ներկայում նմանատիպ մեքենաներն օգտագործվում են ԱՄՆ որոշ քաղաքներում՝ Robotaxi անօդաչու ուղևորափոխադրումների ծառայության շրջանակում, գրում է AFP-ն։

Մեքենայի արժեքից բացի՝ սեփականատերերը ստիպված կլինեն ավտոնոմ վարման համակարգի բաժանորդագրության համար վճարել ամսական 299 դոլար։ Պատվերը ձևակերպելիս պահանջվում է մուծել 1000 դոլարի անվերադարձ կանխավճար։

Անցյալ տարի Tesla-ն Տեխաս նահանգի Օսթին քաղաքում գործարկել էր անօդաչու ուղևորափոխադրումների ծառայություն՝ օգտագործելով Model Y ամենագնացները։ Հետագայում Robotaxi ծառայությունն աստիճանաբար ընդլայնվել է Տեխասի, Ֆլորիդայի և Կալիֆոռնիայի այլ քաղաքներում։

Ընդ որում, մի շարք նահանգների օրենսդրությունը պահանջում է, որ մեքենայում պարտադիր գտնվի մարդ, որն անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի ստանձնել կառավարումը։

Tesla-ի մրցակիցը՝ Google-ի մայր ընկերությանը՝ Alphabet-ին պատկանող Waymo անօդաչու ավտոմեքենաների ծառայությունը, գործում է ԱՄՆ 11 քաղաքներում։

Սեպտեմբերին ԱՄՆ ավտոմոբիլային անվտանգության կարգավորող մարմինները սկսել էին Cybercab-ի ստուգումները։ Կասկածի տակ էր դրվել մեքենայի համապատասխանությունը դաշնային պահանջներին, քանի որ այն ոչ միայն ղեկ և ոտնակներ չունի, այլև զուրկ է հետին տեսանելիության հայելիներից։

Tesla-ն, իր հերթին, հավաստիացնում է, որ մեքենան անվտանգ է և հարմարավետ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Ընկերությունը Cybercab-ը ներկայացնում է որպես էկոլոգիապես մաքուր տրանսպորտն օգտատերերի լայն շրջանակի համար հասանելի դարձնելու միջոց։

Latest

Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին
Led Zeppelin–ի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ ելույթ կունենա Երևանում
«Նրան պետք էր ազատել աշխատանքից դեռ խորանի մոտ». Դուրովը ծաղրել է Nvidia-ի նախկին ղեկավարին
Դատավոր Մասիս Մելքոնյանը այս պահին ԲԴԽ-ում «կռիվ» է տալիս
Տիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներով
Երեւանում Ամանորի ձեւավորման աշխատանքների համար փակ կլինի Աբովյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Պուշկինի փողոց ընկած հատվածը
Microsoft-ի աշխատանքի խափանման ֆոնին մարդկանց խորհուրդ է տրվում կտրվել էկրաններից. ԱՀԿ
ԱԲ-ն կարող է առաջիկա երեք տարում զավթել աշխարհը, եթե այն չկանգնեցնեն
Ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել. ի՞նչ վիճակում են մյուս 2 երեխան