Երեխաներին, որոնց ինկերը մոտ 500 տարի առաջ զոհաբերում էին աստվածներին, մահվանը նախորդող մի քանի ամիսների ընթացքում հոգեակտիվ նյութեր էին տալիս, այդ թվում՝ կոկայի տերևներ և ալկոհոլ։ Հավանաբար դրանք օգնում էին երեխաներին դիմանալ Անդերով երկար ճանապարհորդության ընթացքում կրած ֆիզիկական և հուզական փորձություններին։ Նման եզրակացության է հանգել հետազոտողների միջազգային խումբը՝ ուսումնասիրելով ութ երեխայի աճյուններ։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Antiquity հանդեսում։
Հետազոտողները վերլուծել են Արգենտինայի և Պերուի բարձր լեռնագագաթներին հայտնաբերված մումիաների մազերի ու եղունգների նմուշները։ Այդ հյուսվածքներում պահպանվում են այն նյութերի քիմիական հետքերը, որոնք մարդն օգտագործել է կենդանության օրոք։ Դրանց միջոցով գիտնականները կարող են վերականգնել մահվանը նախորդած մի քանի շաբաթների կամ ամիսների ընթացքում որոշակի միացությունների օգտագործման պատմությունը։
Երեխաները մահացել են կապակոչա ծեսի ընթացքում, որը ինկերի կայսրության կարևորագույն կրոնական արարողություններից մեկն էր։ Զոհաբերություններ էին կատարվում նշանակալի իրադարձությունների առիթով, դրանց թվում՝ տիրակալի գահակալության, մեծ տոների և բնական աղետների ժամանակ։ Ծեսի համար ընտրում էին երեխաների, որոնք աչքի էին ընկնում, մասնավորապես, բացառիկ գեղեցկությամբ և ֆիզիկական անաղարտությամբ։ Կայսրության մայրաքաղաք Կուսկոյում անցկացվող արարողություններից հետո նրանց ուղարկում էին սրբավայրեր, որոնք հաճախ գտնվում էին բարձր լեռներում։ Ճանապարհորդությունը կարող էր տևել մի քանի ամիս։
Համապատասխան վերլուծության համար պիտանի մազերի բոլոր վեց հետազոտված նմուշներում գիտնականները հայտնաբերել են կոկաին և դրա մետաբոլիտը՝ բենզոիլէկգոնին։ Դա վկայում է կոկայի տերևների օգտագործման մասին, որոնք լայնորեն կիրառվում էին Անդերի հասարակություններում։ Դրանք ծամելն օգնում է նվազեցնել քաղցի զգացումն ու հոգնածությունը, ուստի բույսը կարող էր երեխաների համար թեթևացնել լեռներով անցնող ծանր ճանապարհը։
Որոշ մումիաների նմուշներում հայտնաբերվել է նաև կոկաէթիլեն՝ միացություն, որն օրգանիզմում առաջանում է կոկաինի և ալկոհոլի միաժամանակյա օգտագործման դեպքում։ Ալկոհոլի հավանական աղբյուրը չիչան էր՝ եգիպտացորենից պատրաստվող խմորված ըմպելիք, որը կարևոր դեր էր խաղում ինկերի կրոնական ծեսերում։
Մեկ այլ հայտնագործություն է հարմինը՝ հոգեակտիվ նյութ, որը հայտնաբերվել է Ամպատոյի կույս կամ Խուանիտա անունով հայտնի 14-ամյա աղջկա եղունգներում։ Հարմին պարունակվում է մի շարք բույսերում, դրանց թվում՝ Banisteriopsis caapi լիանայում, որն օգտագործվում է այահուասկա պատրաստելու համար։ Սակայն հետազոտողներին չի հաջողվել պարզել, թե կոնկրետ որ բույսն է օգտագործել աղջիկը։
Միաժամանակ գիտնականները չեն հայտնաբերել մի շարք հալյուցինոգենների , դրանց թվում՝ մեսկալինի, ԴՄՏ-ի և բուֆոտենինի հետքեր։ Դա թույլ է տալիս ենթադրել, որ նյութերը կարող էին օգտագործվել առաջին հերթին ֆիզիկական և հուզական ծանրաբեռնվածությունը թեթևացնելու, այլ ոչ թե գիտակցությունը միտումնավոր փոփոխելու համար։ Այդուհանդերձ, հետազոտողները չեն բացառում, որ որոշ նյութեր կարող էին երեխաներին տրվել մահվանից կարճ ժամանակ առաջ. այդ դեպքում դրանք կարող էին մազերում ու եղունգներում հայտնաբերելի հետքեր չթողնել։
Արգենտինայի Չուշա լեռան վրա հայտնաբերված ութամյա աղջկա մազերի վերլուծությունը թույլ է տվել հետևել նրա կյանքի վերջին վեց ամիսների ընթացքում տեղի ունեցած փոփոխություններին։ Կոկայի օգտագործման հետքերը ժամանակի ընթացքում փոխվել են, իսկ մահվանը նախորդող վերջին ամսում, հնարավոր է, սկսվել է ալկոհոլի օգտագործումը։ Սակայն հետազոտության հեղինակները զգուշացնում են, որ նման փոփոխությունները կարող են կապված լինել նաև մազերի կառուցվածքում նյութերի ներառման առանձնահատկությունների հետ։
Ըստ Վարշավայի համալսարանի հնագետ Դագմարա Սոչայի՝ հայտնաբերված նյութերի բազմազանությունը վկայում է այն մասին, որ երեխաներին զոհաբերության նախապատրաստելն ավելի բարդ գործընթաց էր, քան նախկինում ենթադրվում էր։ Մումիաների միջև տարբերությունները կարող են արտացոլել նաև ինկերի կայսրության մշակութային և կրոնական բազմազանությունը. այն միավորում էր բազմաթիվ համայնքներ՝ իրենց ավանդույթներով և տեղական աստվածություններով։
Հետազոտողները մտադիր են շարունակել աճյունների ուսումնասիրությունը՝ պարզելու, թե որտեղից էին երեխաները և ինչպես էր ընթանում ծեսերին նախապատրաստումը։
Աղբյուրը՝ news.am
