Թուրքական «Sondakika» լրատվամիջոցում հրապարակվել է «Իգդիրում վաճառականները ցանկանում են Ալիջան սահմանային անցակետի բացումը» վերնագրով նյութ, որտեղ առևտրականները թուրքական լրատվամիջոցի հետ զրույցում խոսում են հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարներից, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Ըստ հրապարակման՝ Իգդիրի առևտրականները ցանկանում են, որ բացվի Ալիջան սահմանային անցակետը։ Առևտրականներից մեկը նշել է. «Թող մարդիկ Հայաստանից գան և գնումներ կատարեն, առևտրականներին էլ է աշխատանք պետք»։
Նրանք նշել են, որ տնտեսական դժվարություններ ունեն և ցանկանում են Ալիջան սահմանային անցակետի բացումը։ Իգդիրի բնակիչների խոսքով՝ անցակետի բացմամբ քաղաքում առևտուրը կաշխուժանա, և տնտեսական ակտիվությունը կաճի։
Մեկ այլ բնակիչ էլ նշել է, որ սահմանային անցակետի բացումը կնպաստի նաև Իգդիրի տնտեսության զարգացմանը՝ ասելով. «Եթե Հայաստանի հետ սահմանի անցակետը բացվի, դա մեզ համար շատ լավ կլինի։ Աշխատանք կլինի, առևտուրը կաշխուժանա։ Ցածր եկամուտ ունեցող քաղաքացիներն ու առևտրականները նույնպես կուրախանան։ Աղքատ ու կարիքավոր մարդիկ գոնե մի փոքր կհանգստանան»։
24NEWS.am
