Ռուսաստանի Տոմսկի մարզի հյուսիսում գտնվող Նեգոտկա ավանում արջը ներխուժել է բնակելի տուն, ջարդել սառնարանը, կերել այնտեղ եղած սնունդն ու քնել բազմոցին։ Միջադեպը տեղի է ունեցել անցած շաբաթվա վերջին։ Այդ պահին տանտիրուհին տանը չի եղել։
Ինչպես նշվում է, արջը ներս է մտել՝ կոտրելով պատուհանը, այնուհետև տակնուվրա արել տան իրերը։ Սնունդ փնտրելիս գիշատիչը ճանկերով ու ատամներով ջարդել է սառնարանը, որտեղ, հավանաբար, միս և ձու են եղել։ Նա նաև վնասել է սեղանն ու պահարանի մի մասը, իսկ պատերից հանել նկարները։ Տան իրարանցման ընթացքում նույնիսկ հեռուստացույցն է միացել։
Կուշտ ուտելուց հետո արջը պառկել է բազմոցին և քնել։ Առավոտյան, երբ տանտիրուհու հարազատները եկել են վառարանը վառելու և կատուներին կերակրելու, լսել են խռմփոցի ձայն։ Ներս մտնելով՝ նրանք հայտնաբերել են բազմոցին քնած արջին։
