Գերմանիայի Քյոլն-Բոնն օդանավակայանում մաքսային ծառայողները կանգնեցրել են 45-ամյա մեքսիկացու, որը փորձել է երկիր տեղափոխել ավելի քան 90 սողուն՝ այդ թվում թունավոր օձեր և մողեսներ։ Մաքսային ծառայության տվյալներով՝ տղամարդը, որը Մեքսիկայում հրշեջ է աշխատում, օդանավակայանի՝ հայտարարագրման ենթակա ապրանքներ չունեցող ուղևորների համար նախատեսված ելքով անցնելիս կասկածելիորեն նյարդային է եղել։
Անունը չհրապարակված տղամարդը ծառայողներին հայտնել է, որ կենդանիները տեղափոխում էր բրազիլացի ծանոթներից մեկի խնդրանքով։
Նրան թույլ չեն տվել մուտք գործել Գերմանիա և վերադարձրել են Ստամբուլ։ Փրկված կենդանիներին խնամում են Գերմանիայի օձերի ֆերմաներից մեկում։ Մաքսային ծառայության ներկայացուցչի տվյալներով՝ նախորդ տարի Գերմանիայում առգրավվել է ավելի քան 56 600 պաշտպանվող կենդանի, բույս կամ դրանցից պատրաստված արտադրանք՝ ընդհանուր առմամբ արձանագրված ավելի քան 1300 դեպքի շրջանակում։
