Արհեստական բանականության միջոցով առաջին անգամ ավելի քան 200 տարվա ընթացքում վերծանվել է Նապոլեոն Բոնապարտի հրահանգով գրված գաղտնագրված ռազմական նամակը։ Այն ուղարկվել էր ֆրանսիացի գեներալ Օգյուստ դը Մարմոնին և պարունակում էր տեղեկություններ ֆրանսիական ու դաշնակից զորքերի դիրքերի մասին։
SentinelOne կիբերանվտանգության ընկերության ինժեներ Քարթեր Չերչի խոսքով՝ OpenAI-ի GPT-6 Astra մոդելը նամակի պատկերը վերծանել է մոտ վեց ժամում։ Արհեստական բանականությունը նախ արտագրել է ձեռագիր նշանները, ապա վերլուծել գաղտնագրման համակարգը, գրել անհրաժեշտ կոդը և արդյունքները համադրել պատմական տվյալների հետ։
Գաղտնագիրը ներառում էր հարյուրավոր ձեռագիր նշաններ, որոնց մի մասը կրկնվում էր տարբեր ձևերով։ Նախկինում մի շարք հետազոտողներ փորձել էին վերականգնել նամակի բովանդակությունը, սակայն դրա ամբողջական վերծանումը չէր հրապարակվել։
Վերծանված տեքստը վերաբերում է 1809 թվականին Եվրոպայում պատերազմի նախապատրաստությանը։ Նամակում նշվում է ֆրանսիական և դաշնակից ուժերի տեղակայման մասին, այդ թվում՝ Բավարիայի, Լեհաստանի և Ֆրանսիայի զորքերի դիրքերը։ Նապոլեոնը Մարմոնին փոխանցում էր, որ Ավստրիան շուտով հարձակման է ենթարկվելու տարբեր ուղղություններով և հորդորում էր չվախենալ հակառակորդի ուժերից։
Նամակի բովանդակության, զորքերի թվաքանակի և ստորաբաժանումների դիրքերի համադրությամբ Չերչը փաստաթուղթը թվագրել է 1809 թվականի մարտի վերջին՝ Ավստրիայի ռազմական գործողությունների մեկնարկից մոտ երկու շաբաթ առաջ։
Չերչը սեպտեմբերի 18-ին հրապարակել է հետազոտության ամբողջական նյութերը՝ ներառյալ նամակի արտագրությունը, գաղտնագրի աղյուսակներն ու վերծանումը կրկնելու համար անհրաժեշտ կոդերը։ Տոկիոյում գործող հետազոտող Սատոսի Տոմոկիյոն, որը վարում է Cryptiana գաղտնագրերի կատալոգը, ուսումնասիրել է արդյունքը և նամակը նշել որպես վերծանված։
