Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թվում` պատգամավորության թեկնածուն ու նրա որդին, դաժան ծեծի են ենթարկել Ռոբերտ Քոչարյանի աջակից Հակոբ Հարությունյանին։
Հարությունյանը նշեց, որ ՔՊ-ականներին ինքը ոչ մի անգամ չի հարվածել, միջադեպի հետևանքով միակ տուժողը ինքն է․ «Դեպքից հետո հիվանդանոց եմ տեղափոխվել։ Աչքիս վերևի հատվածում կար են դրել, ամբողջ դեմքս այլանդակված է, աչքիս տակը կապտած։ Ես նույնիսկ չեմ հասցրել ոստիկանություն ահազանգեմ, գնացել եմ հիվանդանոց, իրենք իմ հետևից եկել են։ Գործ է հարուցվել, սպասում եմ, որ Քննչականից կանչեն»։
Ի դեպ, ՔՊ-ական թեկնածու Ժաննա Ասատրյանի դուստրը՝ Լիլիթ Գրիգորյանը, Ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղարն է։ Հակոբ Հարությունյանը նշեց, որ Լիլիթ Գրիգորյանը ակտիվ քարոզարշավի է մասնակցում, որի իրավունքն ի պաշտոնե չունի։ «Նույն հանձնաժողովի նախագահը իմ կինն է՝ Նվարդ Ղուկասյանը, Լիլիթ Գրիգորյանի կողմից թույլ տրված խախտման դեպքով դիմել է ԿԸՀ, որպեսզի զրկեն հավատարմագրումից ու այսօր երեկոյան այս գործով ԿԸՀ նիստ է տեղի ունենալու»,- նշեց նա։
Մեր տեղեկություններով՝ ծեծին ականատես, գուցե նաեւ մասնակցած Արթուր Ափրիկյանը Շիրակի մարզպետարանի աշխատակից է` Սուրեն Պապիկյանի կուրսեցին, Հայկ Կոնջորյանի սանիկը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հակոբ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին էր մոտեցել, նրան մեղադրել էր եկեղեցին ու կաթողիկոսին թիրախավորելու համար, շեշտել էր, որ կաթողիկոսը նրա նախարարը չէ, որին կարող է աշխատանքից ազատել։
