Փետրվարի 26-ին Երևանի առաջին ատյանի քաղաքացիական դատարանում հայց է ստացվել պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկության հերքման պահանջով։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս համակարգից։
Հայցվոր Կարեն Ջալավյանը հայցապահանջով խնդրում է՝
1. Պարտավորեցնել Ռոման Վալերիի Բաղդասարյանին հրապարակայնորեն հերքել «facebook.com» սոցիալական կայքի իրեն պատկանող էջերում՝ Roman Bagdasaryan (https://www.facebook.com/roman.bagdasaryan.184) և Роман Багдасарян (https://www.facebook.com/roman.bagdasaran.640220) Կարեն Ջալավյանի (Քյոխի) պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները՝ «Հերքում՝ Կարեն Ջալավյանի (Քյոխի) հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկությունների վերաբերյալ» վերնագրով հանրամատչելի և բոլորին տեսանելի տեսաուղերձ և գրավոր տեքստ հրապարակելով (որը պահպանվում է իր ֆեյսբուքյան էջերում անժամկետ)՝ նշելով հետևյալը. «Ես՝ Ռոման Բաղդասարյանս, հրապարակային հայտարարում եմ, որ 2026 թվականի փետրվարի 5-ին «facebook.com» սոցիալական կայքի էջերումս հայտնած այն տեղեկությունները, թե Կարեն Ջալավյանը (Քյոխը) գողացել է զինվորներից սնունդը և նրանց առանց ջրի պահել, Եղնիկներում ծաղրել և նվաստացրել է մեր զինվորներին, սովի է մատնել, ինչպես նաև Քյոխը մարդ է, որը միշտ ատել է Հայաստանից եկած զինվորներին, բացահայտ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը: Այս հայտարարությամբ հերքում եմ իմ կողմից ներկայացված վերը հիշատակված զրպարտչական տեղեկությունները:»:
2. Ռոման Վալերիի Բաղդասարյանից հօգուտ Կարեն Աղասիի Ջալավյանի բռնագանձել 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում։3. Լուծել դատական ծախսերի հարցը:
Գործի ընթացքը
Գործը նույն օրը՝ փետրվարի 26-ին մակագրվել է դատավոր Թաթուլ Ղուկասյանին։ Վարույթ ընդունելու և նախնական դատական նիստեր նշանակելու մասին տեղեկություն Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում դեռևս առկա չէ։
