Անհետ կորածների և գերիների ծնողների բողոքի ակցիայի ընթացքում զոհված զինծառայողի ծնողներից մեկը հայտարարեց, որ Ադրբեջանի ներկայության պայմաններում Արցախ վերադառնալը անհնար է, սակայն ադրբեջանցիների չլինելու դեպքում պատրաստ է ցանկացած գնով գնալ այնտեղ՝ իր երեխայի գերեզմանին հասնելու համար։
Ծնողի խոսքով՝ իրենց որդին թաղված է Արցախում, և ընտանիքը պահանջում է շիրմի տեղափոխումը Հայաստան։ Նա նշեց, որ այս հարցով դիմել են բոլոր հնարավոր կառույցներին, գրել են բազմաթիվ նամակներ, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն որևէ ընդունելության չեն արժանացել։
«Մեզ ամեն օր խաբում են։ Ասում են՝ արտաշիրիմումների վերաբերյալ նամակ չկա, մինչդեռ մենք գրել ենք ու ուղարկել։ Պարոն Աբազյանը եղել է, ամեն կերպ մեզ օգնել է, բայց հիմա, որ նա չկա, ոչ մեկը մեզ չի կանչում՝ ոչ արտաշիրիմների, ոչ էլ անհետ կորածների հարցով»,- ասաց ծնողը։
