Բարձր դասարանի աշակերտների կողմից անչափահասի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը մատնանշում է այն բոլոր խնդիրները, որոնք առկա են մեր հասարակական միջավայրում

Համացանցում երեկ՝նոյեմբերի 27-ին տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես են մի խումբ բարձր դասարանցիներ բռնության ենթարկում հասակակցին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հոդվածի հատկանիշներով, վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, քննիչի կողմից խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Նրանցից 4-ի նկատմամբ բավարարվել է միջնորդությունը, մեկ անձի նկատմամբ ընտրել այլընտրանքային խափանման միջոց տնային կալանք։ Խափանման միջոցի ժամկետը  լրանալուց հետո քննիչը կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել, սակայն այս անգամ դատարանը մերժել է. դեռահասներն ազատ են արձակվել, միայն նրանցից մեկի նկատմամբ է կիրառվել վարչական հսկողություն ու բացակայելու արգելք։

Դեպքին անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ ՄԻՊ գրասենյակի տարածած հայտարարության մեջ նշվում է,-
«Տավուշի մարզում բարձր դասարանի աշակերտների կողմից անչափահասի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը մատնանշում է այն բոլոր խնդիրները, որոնք առկա են մեր հասարակական միջավայրում՝ բռնության նկատմամբ վերաբերմունքի, դրա կանխարգելման, դեպքերին արձագանքման և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում:
Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույլատրելի, այլ վկայում են հարցին առնչվող խորքային խնդիրների առկայության մասին:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ բռնության ցանկացած դրսևորում բացարձակապես անընդունելի է, իսկ պետությունն ունի պարտավորություն ապահովելու անչափահասների անվտանգությունը դպրոցում, ուսումնական այլ հաստատություններում և դրանցից դուրս։

Սույն դեպքի հանգամանքները պահանջում են ամբողջական և օբյեկտիվ քննություն։
Պաշտպանը կարևորում է նաև պետական մարմինների, հատկապես իրավապահ համակարգի, խնամակալության և հոգաբարձության մարմինների ակտիվ, համակարգված և անհապաղ գործողությունների իրականացումը։ Վերոնշյալ մարմինները պարտավոր են ոչ միայն համակողմանի գնահատել տեղի ունեցածը, այլ նաև ապահովել՝ տուժած ուսանողի անվտանգությունը, անհրաժեշտ բժշկական, հոգեբանական և սոցիալական աջակցությունը, ինչպես նաև համայնքում և ուսումնական հաստատություններում բռնությունը կանխարգելելու ուղղությամբ ձեռնարկել գործուն միջոցներ:

Պաշտպանն ընդգծում է, որ կրթական հաստատություններում բռնության հայտնաբերման, կանխարգելման և պատշաճ արձագանքման արդյունավետ մեխանիզմների բացակայությունը նպաստում է նման անընդունելի միջադեպերի առաջացմանը։ Այս իմաստով անհրաժեշտ է անհապաղ՝ երեխաների հետ աշխատող և երեխայի նկատմամբ բռնության կանխարգելման, բացահայտման և արձագանքման պարտավորություն ունեցող բոլոր մասնագետների համար պարտադիր դասընթացներ և պարբերական վերապատրաստումներ անցկացնել, ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերում երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ թեմաներ ներառել, երեխաների նկատմամբ բռնության դեպքերի հայտնաբերման, դրանց կանխարգելման և արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքների հստակ մեթոդաբանության, գործիքակազմերի և ուղեցույցների պարտադիր կիրառությունն ապահովել, ինչպես նաև ուսումնական հաստատությունների և պետական մարմինների աշխատողների կողմից երեխայի նկատմամբ որևէ տեսակի բռնություն կիրառելու դեպքերի հաղորդման և արձագանքման համար հստակ կառուցակարգեր ներդնել՝ ապահովելով գաղտնիությունն ու բացառելով երեխայի թիրախավորումը:

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին և սոցիալական ցանցերի օգտատերերին կոչ է անում անհապաղ հեռացնել և չտարածել բռնության տեսարաններով տեսանյութը՝ ելնելով երեխայի լավագույն շահի ապահովման և «Մի՛ վնասիր» սկզբունքներից։
Պաշտպանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակելու պաշտպանել երեխայի իրավունքներն ու արժանապատվությունը և նպաստել անվտանգ ու հանդուրժող միջավայրի ձևավորմանը»։

Latest

Ովքեր են Վարդենիսում ակшնի պայթnւնից վիրավnրnւմ ստացած զինծառայnղները. ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ի՞նչ պատժի կենթարկվեն իրենց հասակակցին ծեծած դեռահասները․ ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ձյուն կտեղա
Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը
Արկադի Դումիկյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել
Վարդենիսում երկու պայմանագրային զինծառայող է պшյթել ականի վրա
Մարդկանց միայն 18 տnկnսն է կարnղանnւմ այս նկարի մեջ գնտել նաև շան տիրnջը․ դnւ կարn՞ղ ես
Կտրուկ թանկացում՝ տարադրամի շուկայում
Բարձր դասարանի աշակերտների կողմից անչափահասի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը մատնանշում է այն բոլոր խնդիրները, որոնք առկա են մեր հասարակական միջավայրում