Հայաստանի և Ղազախստանի միջև մշակութային համագործակցության շրջանակում ապրիլի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Ղազախստանի մշակույթի օրերը։
Անդրեասյանին նվիրել են Ղազախստանի Լուի Վիտոն(Louis Vuitton) խանութ սրահի նվեր-քարտ և ձեռագործ մարգարտե վզնոց-շղթա։ Այս հավաքածուն արժեցել է 397 հազար 850 դրամ։
Հիշեցնենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածում, որով սահմանված են հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի կողմից նվերներ ընդունելու սահմանափակումները, նշվում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին թույլատրվում է ընդունել միայն հետևյալ նվերները.
- պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերները կամ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը.
- ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը.
- կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը՝ տրված հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով և նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքով.
- օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները:
Եթե 1-ին կամ 4-րդ կետերով նախատեսված նվերի արժեքը (բացառությամբ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունների) գերազանցում է 60․000 դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են սահմանված կարգով այն հանձնել պետությանը կամ համայնքին:
Բացի այդ, հանրային պաշտոն զբաղեցնող անձը և հանրային ծառայողը պարտավոր են իրենց կողմից ստացված թույլատրելի նվերները հաշվառեն նվերների հաշվառման ռեեստրում։
40․000 դրամը չգերազանցող արժողությամբ թույլատրելի նվերները ենթակա չեն հաշվառման, բացառությամբ նույն աղբյուրից 6 ամսվա ընթացքում նվերի ստացման պարբերական (5 և ավելի) բնույթ կրող դեպքերի։
Նվերների արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական արժեքը, որը հնարավոր է գնահատել բաց աղբյուրների միջոցով:
Հավելենք նաև, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին, եթե որևէ նվեր է տրվում իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված, ապա անկախ դրա չափից, գնից, եթե անգամ այն արժե 100 դրամ՝ չեն կարող ընդունել դա։
Էմմա Միքայելյան
