
Հռոմի ոստիկանությունը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո ուժեղացնում է անվտանգության միջոցները: Այս մասին հայտնել է Իտալիայի մայրաքաղաքի պրեֆեկտուրան, որտեղ մանրամասնել են, որ Սուրբ Պետրոսի հրապարակը հատուկ հսկողության տակ է վերցվում։
Ինչպես նշվել է, Հռոմում անվտանգության ուժեղացված միջոցներն արդեն կիրառվել են՝ կապված շարունակվող քրիստոնեական հոբելյանական տարվա հետ, որը նշվում է քառորդ դարը մեկ: Սրա հետ կապված՝ արդեն ուխտավորների հոսք է նկատվում։ Սպասվում է, որ Հռոմի պապի մահվան հետ կապված՝ նրանց թիվը կավելանա, այդ թվում՝ ողջունելու համար նոր հովվապետին, որը պետք է ընտրվի կոնկլավում։
Ֆրանցիսկոսը հասցրեց բացել Սուրբ դարպասները Հռոմի բոլոր չորս պապական բազիլիկներում։ Դրանք բաց կլինեն մինչեւ տարեվերջ։ Հոբելյանական միջոցառումները կփակի արդեն Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հաջորդ ղեկավարը: