Ամերիկացի երգիչ Մայքլ Ջեքսոնի ավելի քան 100 անձնական իր, այդ թվում՝ 1986 թվականին ստացած American Music Awards մրցանակի արձանիկը, աճուրդի են հանվել Julien’s Auctions աճուրդի տանը։ Աճուրդի կայքի վերջին տվյալների համաձայն՝ ամենաթանկ լոտը 1983 թվականին նկարահանված «Thriller» տեսահոլովակից հայտնի կարմիր կաշվե բաճկոնն է։ Դրա համար առաջարկվում է 8,5 միլիոն դոլար։
American Music Awards մրցանակի արձանիկի համար ներկայացվել է ավելի քան 30 հայտ, իսկ վերջին առաջարկը 7 հազար դոլար է։ Ընդհանուր առմամբ, աճուրդում ներկայացված է 110 լոտ։ Դրանց մեծ մասը երգչի բեմական հագուստներն են, տեսահոլովակներից հայտնի հանդերձանքն ու աքսեսուարները։
Աճուրդը Julien’s Celebrity & Pop Culture Experience ծրագրի մասն է, որը դեկտեմբերի 7-9-ը կանցկացվի Աբու Դաբիում։
