Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը ընդհանուր շուրջ 87,5 մլն ՀՀ դրամի չափով տուգանք է նշանակել հեռահաղորդակցության շուկայի երեք խոշոր օպերատորների՝ «Վիվա Արմենիա»-ի, «Յուքոմ»-ի և «Տելեկոմ Արմենիա»-ի նկատմամբ՝ հակամրցակցային համաձայնություն կնքելու համար։
Վարույթով պարզվել է, որ ընկերությունները գրեթե միաժամանակ նույնանման պահանջներով վերանայել են «Թել‑Սել», «Իզի Փեյ», «Իդրամ» և «Ֆասթ Շիֆթ» վճարահաշվարկային կազմակերպությունների հետ համագործակցության պայմանները՝ պահանջելով նվազեցնել միջնորդավճարները։
Համաձայնության չգալուց հետո օպերատորները միակողմանիորեն լուծել են գործող պայմանագրերը՝ փորձելով առաջ մղել իրենց հետ փոխկապակցված վճարային համակարգերը («Մոբիդրամ», «Յուփեյ» և «Թիմ Փեյ»), ինչի հետևանքով կտրուկ աճել էին սեփական հավելվածների ներբեռնումներն ու վճարային հոսքերը։
Նշենք, որ դեռևս 2026 թվականի փետրվարին Հանձնաժողովի կիրառած միջանկյալ միջոցի շնորհիվ նախկին պայմանագրային հարաբերությունները վերականգնվել էին, և սպառողները կրկին հնարավորություն էին ստացել օգտվելու նշված վճարային համակարգերից։
