Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 3-ին խուլիգանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 02:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորապատ գյուղում գտնվող հյուրատանը վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել։
Նշված հասցե են ժամանել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, և նշված հյուրատանը Արմավիրի մարզի բնակիչներ 19-ամյա Նարեկ Մ.-ն, 23-ամյա Դավիթ Ո.-ն, 34-ամյա Տարոն Բ.-ն, Շիրակի մարզի բնակիչներ 30-ամյա Էդգար Մ.-ն, 30-ամյա Գալուստ Մ.-ն, 27-ամյա Դավիթ Տեր-Հ.-ն, Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Արթուր Բ.-ն, Շիրակի մարզի բնակիչներ 55-ամյա Ջիվան Չ.-ն և 31-ամյա Աղասի Տեր-Հ.-ն կազմակերպել և մասնակցել են Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Մարտին Չ.-ի ծննդյան արարողությունը, որի ժամանակ նշված ռեստորանում սեղանի շուրջ միմյանց հետ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Դավիթ Ո.-ն, Տարոն Բ.-ն, այնուհետև բոլորով դուրս են եկել հյուրատան բակ, որտեղ Դավթի Ո.-ն, Տարոն Բ.-ն և Գալուստ Մ.-ն բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, տևական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, ապա ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել միմյանց։
Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ մասնակիցներից մի քանիսին Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են, ձերբակալել, մյուսին որոնում են։
