Նյու Յորքի նախկին քաղաքապետ և միլիարդատեր Մայքլ Բլումբերգը պաշտոնապես ամուսնացել է իր վաղեմի զուգընկերուհի Դիանա Թեյլորի հետ։ Զույգն ամուսնացել է 26 տարվա համատեղ կյանքից հետո։
84-ամյա Բլումբերգը և 71-ամյա Թեյլորը ամուսնական երդումներ են փոխանակել երկուշաբթի՝ նոյեմբերի 9-ին, Մանհեթենում գտնվող իրենց տանը՝ հեղինակավոր Վերին Իսթ Սայդում, տեղի ունեցած փոքրիկ, մասնավոր արարողության ժամանակ։ Ըստ Bloomberg-ի խոսնակի՝ արարողությանը ներկա են եղել ընտանիքի անդամները, այդ թվում՝ միլիարդատիրոջ դուստրերը՝ Էմման և Ջորջինան։

Ապագա ամուսինները պատահաբար հանդիպել են 26 տարի առաջ։ Նրանք պատահաբար նստած էին կողք կողքի՝ քաղաքային բյուջեի հարցերը վերահսկող կազմակերպության՝ Citizens Budget Commission–ի նիստում։ Այդ ժամանակ Բլումբերգը նոր էր սկսում իր առաջին քարոզարշավը Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնի համար։ Մայքլ Բլումբերգը միլիարդատեր ձեռնարկատեր և բարերար է, որը երեք ժամկետ զբաղեցրել է Միացյալ Նահանգների ամենամեծ քաղաքի քաղաքապետի պաշտոնը։ Նա նաև առաջադրվել է նախագահի պաշտոնում 2020 թվականին, բայց չի կարողացել ապահովել դեմոկրատների թեկնածությունը։
1976 թվականին Բլումբերգն ամուսնացել է Սյուզան Բրաունի հետ։ Նրանց ամուսնությունը տևել է մինչև 1993 թվականը։ Դիանա Թեյլորը նույնպես նախկինում ամուսնացած էր։
2021 թվականին Թեյլորը հաստատվել է որպես Նյու Յորքի բալետի տնօրենների խորհրդի նախագահ։ Բլումբերգի 2020 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ նա ակտիվորեն աջակցել է իր զուգընկերոջը։ Մասնավորապես, Տեխասում «Կանայք Մայքի համար» հանրահավաքի ժամանակ Թեյլորը պաշտպանել է միլիարդատիրոջը՝ կանանց մասին նրա նախկին նսեմացնող արտահայտությունների քննադատությունից հետո։
«Դա 30 տարի առաջ էր։ Ժամանակն է այդ ամենը թողնել անցյալում», – ասել է նա CBS News-ին տված հարցազրույցում։

Թեյլորն ընդգծել է, որ Բլումբերգին մեղադրում էին միայն կանանց հասցեին կոպիտ խոսքերի, այլ ոչ թե որևէ այլ գործողության համար։ Թեյլորը կարծում է, որ նա արժանի չէ, որ իրեն դատեն միայն տարիներ առաջ արած հայտարարություններից ելնելով։
«Ես մեծացել եմ այդ աշխարհում։ Դա տղամարդկանց եղբայրության մշակույթ էր։ Այդ ժամանակվանից ի վեր մենք երկար ճանապարհ ենք անցել, և Մայքլ Բլումբերգը այդ փոփոխությունը առաջնորդողներից մեկն էր», – ավելացրել է նա։
Ըստ The New York Times-ի՝ Բլումբերգը Դեմոկրատական կուսակցությանը նվիրաբերել է մոտ 80 միլիոն դոլար՝ միջանկյալ ընտրություններից առաջ։
NEWS.am STYLE
