Մինիվեն վատ ճանապարհների համար և էլեկտրական քրոսովեր՝ ամենագնաց անվադողերով. Toyota-ն կներկայացնի հինգ կոնցեպտ

Ճապոնական Toyota ավտոարտադրողը SEMA 2026 ցուցահանդեսի համար պատրաստել է Woodland շարքի հինգ կոնցեպտ-մեքենա՝ ցուցադրելով, թե ինչպես կարելի է տարբեր տեսակի ուժային համակարգերով ընտանեկան ավտոմեքենաներին ամենագնացի տեսք հաղորդել, գրել է Motor 1-ը։

Շարքում ընդգրկվել են RAV4-ի, Grand Highlander-ի, Sienna-ի, bZ-ի և Crown Signia-ի հիման վրա ստեղծված կոնցեպտները։ Բոլորը բավականաչափ բարձր են գետնից, ունեն ամենագնացի անվադողեր, անփայլ սև անվահեծեր, անիվների կամարների լայնացուցիչներ և տանիքին՝ բեռնափոխադրման համակարգեր։

Նախագծերի վրա աշխատել է CALTY Design Research-ի դիզայներական թիմը։ Բոլոր հինգ ավտոմեքենաները ներկված են Horizon Blue երանգով, որը ներշնչված է 1960-ականների Toyota-ի գունապնակով։ Որպես պատմական ուղենիշնե՝ ընկերությունը նշում է Stout, Crown և Corona մոդելները։ Երկգույն գունավորումը՝ հակադիր գույն ունեցող տանիքով և շարժիչի ծածկոցով, լրացուցիչ տարբերակում է կոնցեպտները սերիական մեքենաներից։

RAV4 Woodland Plug-in Hybrid Concept-ը և Sienna Woodland Concept-ը ցույց են տալիս, թե ինչպես է արտադրողն առաջարկում էլեկտրական ուժային համակարգերն ու ընտանեկան գործնականությունը համատեղել ավելի արտահայտիչ ամենագնացների ոճի հետ։ Առաջինը հիմնված է արտաքին աղբյուրից լիցքավորվող հիբրիդային քրոսովերի վրա, իսկ երկրորդը մինիվենը վերածում է ավտոմեքենայի, որն արտաքուստ պատրաստ է գրունտային ճանապարհներով երթևեկելուն և վրաններով ճանապարհորդություններին։

Էլեկտրական շարքը ներկայացնում է bZ Woodland Concept-ը։ Grand Highlander Woodland Concept-ը և Crown Signia Woodland Concept-ը նույն մոտեցումն են առաջարկում ավելի խոշոր ընտանեկան ավտոմեքենաների համար։ Հնգյակն ընդգրկում է թափքերի և ուժային համակարգերի տարբեր տեսակներ՝ արտաքին աղբյուրից լիցքավորվող և սովորական հիբրիդներից մինչև ամբողջությամբ էլեկտրական մոդել։

Միաժամանակ Toyota-ն ընդգծում է, որ կոնցեպտները ներկայացված տեսքով նախատեսված չեն սերիական արտադրության համար։ Դրանք փորձարարական նախագծեր են՝ այնպիսի դետալներով և աքսեսուարներով, որոնք ընկերությունը չի առաջարկում որպես ստանդարտ սարքավորում։ Որոշ փոփոխություններ կարող են ազդել ավտոմեքենաների անվտանգության և բնութագրերի վրա, հանգեցնել երաշխիքի կորստի կամ մեքենան դարձնել ընդհանուր օգտագործման ճանապարհներին շահագործման համար ոչ պիտանի։

SEMA 2026-ում Toyota-ն կներկայացնի նաև փորձարարական ավտոմեքենաների մեկ այլ շարք՝ Snowhunter-ը։ Դրանում ընդգրկվել են Tundra և Tacoma պիկապները, ինչպես նաև 4Runner, Land Cruiser և Sequoia ամենագնացները։ Այս մեքենաները նախատեսված են ձմեռային արկածների համար. դրանք ունեն բարձրացված կախոց, քողարկաներկ, լրացուցիչ լուսավորություն, բեռնափոխադրման համակարգեր, իսկ սովորական անիվների փոխարեն՝ ձյան վրայով տեղաշարժվելու համար նախատեսված թրթուրներ։ Համալրումը ներառում է նաև խցանումներից դուրս գալու սարքավորումներ, բեռնային համակարգեր և դահուկների ամրակներ։

Եվս մեկ արտասովոր նախագիծ է Crown Signia GT-S Concept-ը, որը ստեղծել է Toyota Motorsports Garage ստորաբաժանումը։ Ի տարբերություն բարձրացված Woodland-ների՝ այս հիբրիդային ունիվերսալը ցածրացված է գրեթե հինգ դյույմով (մոտ 13 սմ), համալրված է լայնացված անիվների կամարներով, HRE-ի 21-դյույմանոց անվահեծերով և Lexus RX 500h F Sport-ի արգելակային սուպորտներով։ Ուժային համակարգի արդիականացման մասին Toyota-ն չի հայտնել։

Latest

Կյանքով լի տղա էր մեր Տիգրանը. մահացած հայտնաբերված զինծառայողը Սևանից էր
«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ
Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման
Մինիվեն վատ ճանապարհների համար և էլեկտրական քրոսովեր՝ ամենագնաց անվադողերով. Toyota-ն կներկայացնի հինգ կոնցեպտ
Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ
Երևանում երեք 15-ամյա պատանիներ են դանակահարվել․ նրանք ծայրահեղ ծանր վիճակում են տեղափոխվել հիվանդանոց
Երեւանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
Խաղողի ողկույզից կախված սավանով պատրաստված օղակը ողբերգության պատճառ է դարձել․ մայրը՝ մեղադրյալ
Bugatti-ն վերականգնել է հայելու պես փայլող եզակի «Veyron»-ը