Բաքուն չգիտի, որ կարող է 3-4 ժամում ջնջվել երկրի երեսից, և սա չափազանցություն չէ։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր, Ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրեվանդը՝ անդրադառնալով նրան, թե ինչպիսին կլինի Իսլամական Հանրապետության արձագանքը, եթե Ադրբեջանը ներքաշվի իր դեմ պատերազմում։
Զոհրեվանդը հայտարարել է, որ Իրանի վրա իսրայելական հարձակումների հիմնական մասը հենց Ադրբեջանի տարածքից է իրականացվել։
«Հիմա Լեռնային Ղարաբաղում թե՛ Թուրքիան է տեղակայել իր ռազմական ուժերը, թե՛ Իսրայելը։ Բաքվի հյուսիսում գտնվող ռազմական օդանավակայանը տվել են նրանց, և ոչ ոք չի կարող դրանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվել։ Նրանք այնտեղ մշտապես զորքեր, տեխնիկա են բերում, աշխատանքներ են անում։ Մենք, իհարկե, գիտենք դա, սակայն կառավարությունը չի արձագանքում: Ուզում եմ ասել՝ սա պատերազմ է սիոնիզմի դեմ։ Այն նույն նկարագիրը, որն ունի Բեն Զայեդը (Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը – խմբ.), ունի նաև Ալիևը. եթե ավելի վատը չլինի, հաստատ Բեն Զայեդից լավը չէ։ Նրանք սիոնիստների հետ պայմանավորվածության մեջ են, և մենք պետք է հասկանանք, թե ում հետ գործ ունենք։ Մենք գիտեինք, որ Էմիրությունները երկրորդ Իսրայելն է, բայց քանի դեռ չէին հարձակվել մեզ վրա, նրանց դեմ ոչինչ չարեցինք։ Քուվեյթն էլ գիտեինք, Ադրբեջանն էլ գիտենք»,- ասել է իրանցի պատգամավորը։
Զոհրեվանդը զգուշացրել է՝ եթե Ադրբեջանն իրենց դեմ թշնամական գործողությունների մեջ ներքաշվի, հողին կհավասարեցվի Իրանի կողմից։
«Մեր սկզբունքն ու մեր մեթոդը չափավորության, ռացիոնալության) վրա է հիմնված, բայց եթե հարվածեցին՝ այնպես կտանք նրանց գլխին, որ էլ վեր չկենա։ Բաքուն չգիտի, որ կարող է 3-4 ժամում ջնջվել երկրի երեսից։ Սա չափազանցություն կամ դատակ խոսք չէ»,- ընդգծել է Զոհրեվանդը:
