Սահմանամերձ զորամասերում նախընտրական շրջանում առատ գումարներ են բաժանվո՞ւմ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ սահմանամերձ զորամասերում ծառայող զինծառայողներին և աշխատակիցներին տարբեր դրամական վճարներ են տրամադրվում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին երկու ամիսներին արդեն իսկ իրականացվող այդ վճարումները նախատեսվում է շարունակել մինչև 2026 թվականի հունիսը։

Խոսքը աշխատավարձերի հավելավճարների, պարգևավճարների կամ այլ ձևաչափով տրամադրվող գումարների մասին է։ Ուշագրավ է, որ այս ամենը տեղի է ունենում նախընտրական շրջանում, երբ պետական համակարգում ցանկացած լայնածավալ ֆինանսական բաշխում բնականաբար առաջացնում է քաղաքական նպատակահարմարության և հնարավոր ընտրական ազդեցության վերաբերյալ հարցեր։

«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի վերաբերյալ պարզաբանում էր խնդրել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից՝ հասկանալու համար՝

ի՞նչ բնույթի վճարների մասին է խոսքը (հավելավճար, պարգևավճար, մեկանգամյա խրախուսում և այլն),
ի՞նչ իրավական ակտերով կամ ծրագրերով են դրանք սահմանված,
արդյո՞ք դրանք պայմանավորված են ծառայության վայրով (սահմանամերձ գոտի), ռիսկայնությամբ կամ այլ գործոններով,
և ի՞նչ ժամանակահատվածում է նախատեսվում դրանց տրամադրումը։

ՊՆ-ից ստացված պատասխանը, սակայն, ոչ թե փարատում է կասկածները, այլ ավելի է խորացնում դրանք։ Նախարարությունից հայտնել են

«Ի պատասխան Ձեր կողմից 04.05.2026թ. ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված հարցման՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ ՊՆ համակարգի սահմանամերձ զորամասերի զինծառայողների և աշխատակիցների ամսական աշխատավարձերի (դրամական ապահովությունների) չափերն իրարից տարբեր են՝ կապված նրանց զբաղեցրած պաշտոնից (պաշտոնի խմբից), ատեստավորման արդյունքներով ստացված գնահատականից (գերազանց, լավ, բավարար), ինչպես նաև ՀՀ կառավարության 03.07.2014թ. N 712-Ն որոշման համաձայն տվյալ ամսում ծառայության առանձնահատուկ պայման(ներ)ի համար տրամադրվող հավելումների գործակցից կամ բացարձակ չափ(եր)ից և այդ պայման(ներ)ում ընդգրկված օրերի քանակից։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մարտական հերթապահություն իրականացնող և հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներին համապատասխան հավելումներով վարձատրության վերաբերյալ տեղեկատվությունը ենթակա չէ հանրայնացման, և հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի պահանջները՝ այդ մասով տեղեկատվության տրամադրումը մերժվում է»։

Այսինքն՝ ՊՆ-ն ընդունում է, որ սահմանամերձ զորամասերում աշխատավարձերի և դրամական ապահովության չափերը կարող են տարբեր լինել՝ կախված պաշտոնից, ատեստավորման արդյունքներից, ծառայության առանձնահատուկ պայմաններից և այդ պայմաններում ընդգրկված օրերի քանակից։ Սակայն նախարարությունը չի բացահայտում հիմնականը՝ ինչ վճարումներ են իրականացվում հիմա, ինչ ժամկետով են նախատեսված, ինչ չափորոշիչներով են ընտրվում շահառուները, և արդյոք դրանք վերաբերում են հենց սահմանամերձ ծառայությանը։

ՊՆ-ն մերժել է տրամադրել մարտական հերթապահություն իրականացնող և հատուկ նշանակության ստորաբաժանումների հավելումներով վարձատրության մասին տեղեկությունը՝ այն համարելով չհանրայնացվող։ Սակայն այստեղ է խնդիրը․ հանրությունը կարող է չիմանալ ռազմական կամ օպերատիվ նշանակության տվյալներ, բայց իրավունք ունի իմանալու, թե պետական միջոցներն ինչ սկզբունքով են բաշխվում:

Latest

Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն. ի՞նչ է կատարվել
ՔՊ-ում համբալ բառն օգտագործում ենք Ռոբերտ Քոչարյանի մասին խոսելիս․ Փաշինյանի պատասխանը՝ Քոչարյանին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․«Ա՜յ համբալ, ի՞նչ ունես մեր ինքնության հետ». Ռոբերտ Քոչարյանը Նիկոլը Փաշինյանին համբալ է անվանել
Հեքիաթային կերպարանափոխություն․ Քրիստինա Հովհաննիսյանի նոր ֆոտոշարքը հիացրել է հետևորդներին
Հայտնի բլոգեր Կամիլա Ահարոնյանը ամուսանալուծվել է. ո՞րն է պատճառը
Գյումրի քաղաքում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր․ 15 երեխա հոսպիտալացվել է
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը․ սպանե՞լ են
81 տարեկան հասակում մաhացել է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները հսկում են Շիրակի մարզում 6 զոհի պատճառ դարձած «BMW»-ի վարորդին․ 1 ամիս անց