Նիդեռլանդներում գործող Oceanwide Expeditions օպերատոր ընկերությունը հայտնել է, որ MV Hondius նավը, որը շաբաթներ շարունակ բևեռային ճամփորդություն էր իրականացնում Արգենտինայից դեպի Անտարկտիդա և Ատլանտյան օվկիանոսի հարավի մի քանի մեկուսացված կղզիներ, օգնություն է խնդրել Կաբո Վերդե կղզի-պետության առողջապահական մարմիններից՝ հանտավիրուսի հնարավոր բռնկման պատճառով։
Հանտավիրուսը սովորաբար մարդկանց է փոխանցվում կրծողներից միջոցով։ Այն կարող է առաջացնել ծանր շնչառական հիվանդություններ։ Մարդուց մարդուն փոխանցումը չափազանց հազվադեպ է։ Բացի այդ, հանտավիրուսով վարակվածություն է ախտորոշվել Հարավային Աֆրիկայում նավից տարհանված 69-ամյա բրիտանացու մոտ, իսկ չորեքշաբթի Շվեյցարիայի իշխանությունները հայտնել են, որ վիրուսը հայտնաբերվել է նաև իրենց քաղաքացու մոտ, որը նույնպես եղել է այդ նավի ուղևոր։
Շվեյցարիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ այդ մարդը «MV Hondius»-ով ճամփորդությունից վերադարձել է ապրիլի վերջին և նախ դիմել է իր թերապևտին, ապա տեղափոխվել Ցյուրիխի համալսարանական հիվանդանոց։
Ավելի վաղ Հարավային Աֆրիկայի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ մասնագետների կողմից հաստատված երկու դեպքերում մարդկանց մոտ հայտնաբերվել է հանտավիրուսի հազվադեպ շտամ, որը կարող է փոխանցվել մարդուց մարդուն, սակայն միայն սերտ շփման պարագայում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վստահեցնում է, որ վիրուսի փոխանցման նման մեխանիզմը հազվադեպ է հանդիպում, և Կաբո Վերդեի ափերի մոտ խարիսխ գցած նավի 150 ուղևորների համար վարակման ռիսկը մնում է ցածր։ Այնուամենայնիվ, Կաբո Վերդեի իշխանություններն արգելել են ուղևորներին դուրս գալ ափ։
