Մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ամիսներ շարունակ հանրությանը համոզում է «խաղաղության դարաշրջանի» մեկնարկի մասին, Գեղարքունիքի մարզում արդեն կազմակերպվում են «ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանքներ։
Թեև պաշտոնական ձևակերպումներով սա ներկայացվում է որպես քաղաքացիական պաշտպանությանն ուղղված հերթական միջոցառում, այն ամեն դեպքում հարցեր է առաջացնում Նիկոլ Փաշինյանի իշխանության վարած քաղաքականության ֆոնին։ Եթե «խաղաղության դարաշրջանն» անխուսափելի է, մարզերում ինչու են կազմակերպվում տարահանման և պատսպարման գործնական վարժանքներ։
Հատկապես սահմանամերձ Գեղարքունիքում նման միջոցառումները դժվար է ընկալել որպես պարզապես «պլանային ուսուցում»։ Տեղացիների համար դրանք հիշեցում են, որ անվտանգության սպառնալիքները ոչ միայն չեն վերացել, այլև շարունակում են մնալ օրակարգում՝ անկախ իշխանության հնչեցրած լավատեսական հայտարարություններից։ ArmLur.am-ը հիշեցնում է, որ տարածաշրջանի 3200 հեկտար հողերը 2021-ի մայիսից շարունակում են օկուպացված մնալ Ադրբեջանի կողմից։
Իշխանության հաղորդած «խաղաղության» ուղերձների և իրական անվտանգային քայլերի միջև առկա հակասությունը հերթական անգամ ցույց է տալիս, որ կառավարությունն ինքն էլ լիարժեք չի հավատում տարածաշրջանային կայունության վերաբերյալ սեփական հայտարարություններին։
