Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլքսանչորսյան ուղերձ է հղել` կրկին հայտարարելով, թե Օսմանյան կայսրության հայերը կյանքից զրկվել են Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում:
«Օսմանյան կայսրության փլուզման գործընթացում խոր ցավեր են կրել օսմանյան բոլոր ժողովուրդները, որոնք կյանք են կորցրել օկուպացիայի, բախումների, ապստամբությունների, խմբավորումների շարժումների, ահաբեկչական գործողությունների և համաճարակների նման զանազան պատճառներով, ինչպես նաև նրանք, ովքեր տեղահանվել են Բալկանների, Կովկասի ու Արաբական թերակղզու իրենց հողերից, և նրանք, որոնց տները հուր է ընկել Անատոլիայի չորս կողմերում: Օսմանյան կայսրության տիրապետության ներքո մարդկային կյանքի բոլոր ոլորտներում ներկա գտնված և արժեքավոր ներդրում ունեցած Օսմանյան կայսրության քաղաքացի հայերի մեջ նույնպես, դժբախտաբար, եղել են մարդիկ, որոնք մեծ ցավեր են ապրել:
Մենք կարողացանք հիմնադրել Թուրքիայի Հանրապետությունը՝ չմոռանալով այս ցավերը, բայց նաև իմանալով, թե ինչպես հաղթահարել դրանք»,– ասել է Էրդողանը։
Նա հավելել է` պաշտոնական Անկարան ջանքեր է գործադրում, որպեսզի ապագա սերունդներին ժառանգի ոչ թե վատ հիշողություններ, այլ մի ապագա, որտեղ ճշմարտությունները միահյուսված են խղճի լեզվի հետ: Էրդողանն ընդգծել է, որ բախման փոխարեն նախընտրում են համաձայնությունը։
