Հայաստանի Հանրապետության վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանն այսօր կանգնած է մի նոր պատմաքաղաքական հեղափոխության շեմին։
«Իսկ ո՞րն է այդ հեղափոխության իմաստն ու նշանակությունը․ դա Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքում առանց արտաքին հովանավորության ապրելու ընդունակությունն է, Հայաստանի պետական շահն ու պետականության հարատևության օրակարգը բոլոր գործողությունների ելակետ դարձնելն է այն տրամաբանությամբ, որ Հայաստանի Հանրապետությունը սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը, խաղաղությունն ու արժանապատվությունն ապահովելու գործիք է՝ հիմնված ժողովրդի կամքից բխող լեգիտիմության վրա»,- ասաց Փաշինյանը։
Նրա բնորոշմամբ՝ պատմաքաղաքական հեղափոխությունը նահատակ ժողովրդի դերակատարման վերափոխումն է կյանքի ու պետականակենտրոն ժողովրդի դերակատարման։
«Մենք ոչ թե այս ճանապարհով գնալու ենք, այլ արդեն այդ ճանապարհի եզրագծին ենք, և ժողովրդի աջակցությամբ պետք է արձանագրենք Հայաստանի ժողովրդի, հայ ժողովրդի պատմական ճակատագրի վերափոխումը։ Որևէ կասկած չունեմ, որ դա տեղի է ունենալու։ Պետք է նշել, որ այդ գործընթացն արժանանում է և արժանանալու է մեծ դիմադրության, որի հեղինակները հայտնի են՝ դրանք պատերազմի կուսակցություններն են»,- ասաց ՀՀ վարչապետը։
