Այս աշնան կարևորագույն իրադարձությունն ինձ համար Հիսուս Քրիստոսի արձանի և մշակութային կոթողի կառուցման աշխատանքների պաշտոնական ներկայացումն էր. այս մասին ինստագրամյան էջում գրել է լրագրող, հրապարակախոս Անի Քոչարը՝ հիշեցնելով, որ սեպտեմբերի 16-ին հրավիրված էր պաշտոնական փակ ներկայացմանը, իսկ սեպտեմբերի 25-ին եղել է առաջին խմբի կազմում, որ բարձրացել է Հատիսի գագաթ և մասնակցել հիմնարկեքին:

Միևնույն ժամանակ Անի Քոչարը հավելել է, որ ցանկանալով կանխել բոլոր պարզունակ մեկնաբանություններն առ այն, որ պետք չէ արձան պաշտել, շտապում է ընդգծել, որ քրիտոնեությանը տուրք մատուցելով և Տիրոջ արձանը վեր խոյացնելով՝ չի ստացվում, որ արձանն ենք երկրպագում:

«Ոչ՛ արձանը, ո՛չ սրբապատկերները և ո՛չ մի նյութական բան չենք պաշտում և երկրպագում: Նյութականացած հոգևոր մշակույթը պաշտամունքի համար չէ, այլ մշակութային կոթող ու ժառանգություն»,- եզրափակել է նա:
Աշխարհում Հիսուս Քրիստոսի ամենամեծ ու հզոր արձանի կառուցման աշխատանքները, որոնք մեկնարկել են 2022 թվականի հուլիսի 9-ին Հատիս լեռան բարձունքում, ակտիվ իրականացման փուլում են: Համալիրն իր տեսակով եզակի է լինելու, ներառելու է թանգարան, ճոպանուղի, հանգստի գոտիներ, ունենալու է տուրիզմի զարգացման համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները:
«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ազգանվեր նախաձեռնությամբ կառուցվող համալիրը, անկասկած, դառնալու է մեր հայրենիքի յուրօրինակ այցեքարտը՝ աշխարհին նորովի ներկայացնելով Հայաստանը: Կարևոր է ընդգծել, որ ճարտարապետական գլուխգործոցի հիմքում ազգային համերաշխության ու միասնականության գաղափարից զատ, Գագիկ Ծառուկյանի՝ երկրում զբոսաշրջության և տնտեսության զարգացմանը նոր զարկ տալու անկեղծ մղումն է:
