Լոռե բերդաքաղաքում Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախմբի (արշավախմբի պետ՝ Ա. Նալբանդյան) 2025 թ. իրականացրած փրկարարական-հետախուզական պեղումները բավականին հետաքրքիր և լուրջ արդյունքներ տվեցին։

Հետաքրքիր էին պեղումները նաև պարսպի տարբեր հատվածներում, այդ թվում՝ պարսպի կենտրոնում, մոտ 5 մ բարձրության վրա գտնվող գաղտնարանի մուտքի պեղումները, որի արդյունքում այն բացվել է գրեթե իր ամբողջ լայնությամբ, ինչը կնպաստի վերականգնման նախագծի ավելի ճշգրիտ կազմելուն։

Հատկապես ուշագրավ են պեղումները պարսպի մուտքի մոտ, որտեղ հետախուզական աշխատանքների ընթացքում ի հայտ են եկել միջնադարյան ճանապարհ՝ շարված սալաքարերով, տապանաքարերով, ինչպես նաև այդ ճանապարհի եզրաքարերը, որտեղ նույնպես օգտագործված են մեծ թվով զանազան կոթողների, այդ թվում՝ որմնակամարներով պատվանդանի հետաքրքիր բեկորներ։






