
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ մարզային բժշկական կենտրոններից մեկի բաժանմունքի վարիչն իրեն դիմած կնոջ՝ 28-30 շաբաթական հղիությունն ապօրինի ընդհատելու համար նրանից կաշառք է ստացել և իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթում կեղծ տվյալներ մտցրել՝ դեպքը ներկայացնելով որպես վիժում։
Առձեռն ստանալով կաշառքը՝ նույն օրը բժշկուհին կատարել է հղիnւթյան արհեստական ընդհատում, որից հետո՝ ՀՀ կառավարության որոշմամբ
սահմանված իրավական հիմքի բացակայության պայմաններում կատարած արարքին օրինական տեսք տալու նպատակով, վերը նշված կնոջ բժշկական քարտում կեղծ տեղեկություններ է մտցրել այն մասին, որ նրա հղիությունը եղել է 17-18 շաբաթական:
Հղիnւթյան ապօրինի արհեստական ընդհատման (աբորտ կատարելու), մասնավոր ոլորտում կաշառք ստանալու և փաստաթղթի կեղծիք կատարելու համար բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասով, 272-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: