Պապս՝ Բլեն, Սիբիրից, որ հետ է գալիս՝ մի ոտքով ու ծանր կոպալով, զրոյից գումար է վաստակում և ունենում ևս 4 երեխա. Պատմությունից հրաժարվում են միայն վախկոտները. Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն անդրադարձել է ՔՊ-ականների նոր որոշմանը, ըստ որի՝ նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը։

«Պապս՝ Բլեն՝ մայրիկիս հայրը, Հին Բայազետից գաղթածների՝ ցեղասպանությունից փրկվածների սերունդ էր, Գավառում հաստատված իմ իշխան ապուպապի թոռն էր:

Սիբիրից, որ հետ է գալիս (հազվագյուտ հետ եկածներից էր)՝ մի ոտքով ու ծանր կոպալով, զրոյից գումար է վաստակում և ունենում ևս 4 երեխա (ընդհանուր՝ 6)…

Սովետի ժամանակ Կայարանի իրենց սեփական տունը, որ քանդում են, մայրս ու հայրս՝ արդեն առաջին դստերն ունենալով, ստանում են 6-րդ զանգվածի մեր տունը, որտեղ հետո ծնվում ու մեծանում ենք ես ու միջնեկ քույրս:

Տան միջանցքի նեղլիկ բացմոցը, որն իմ անկողինն էր մի 25 տարի (նախքան միջնեկս ամուսնանար ու ննջարանում քնելու տեղ բացվեր) աշխարհի կենտրոնն էր ինձ համար:

5 դուռ էր բացվում էդտեղից՝ ննջարանի, խոհանոցի, հյուրասենյակի, լոգարանի ու դրսի դուռը: Հարուստ էի…

Ես քնում էի աշխարհի խաչմերուկում, արթնանում՝ արևածագի շողերն աչքերիս մեջ ու պարտադիր նայում էի մայրամուտին՝ երեկոները:

Ապրում էի երկու լեռան արանքում՝ մեկն Արագածն էր, մյուսն՝ Արարատը… Իմ մանկության ամեն վայրկյանում է Արարատ լեռը։

Վստահ էի, որ եթե երկար ու անշեղ քայլեմ մասիվներով, անպայման կհասնեմ ձյունաճերմակ Մասիսին… ու մի օր քիչ էր մնում մոլորվեի. փոքր էի դե…

Թերթերի պակաս չկար տանը, մի օր կարդացի, եթե գլոբալ տաքացում լինի ու աշխարհի սառույցները հալչեն՝ Արարատ լեռան ձյունն էլ կհալչի ու կպատի ամբողջ տարածքը։ Ու ես իմ մանկական ուղեղով ամեն օր անթարթ նայում էի Մասիսին՝ համոզվելու, որ գագաթի ձյունը դեռ կա ու չի հասնի մեր մասիվի տանը…

Մեկ Մասիսին էի էդպես շատ և ուշադիր նայում, մեկ էլ հայրիկիս՝ քնած ժամանակ, որ տեսնեմ՝ շնչու՞մ է, թե՞ ոչ…

Իմ միակ տունը, որտեղ ապրում եմ հիմա (Արաբկիր), սովորական մի բարձրահարկ կլիներ, եթե չլինեին մասիվից օժիտ բերած քամիները, տանս ծագող ու մայր մտնող արևը, Արագածի ու Արարատի մեջտեղում գտնվելը:

Ես ապրում եմ նորից երկու սարի արանքում…

Իմ ինքնությունն է էդտեղ. իմ ընտանիքի, մազապուրծ եղած ազգիս, պապերիս ու ամբողջ Հայոց պատմության, հայի ուժն է մեր լեռների ԴՆԹ-ում:

հաշիվս կորցրել եմ քանի անձնագիր եմ փոխել. 100-ավոր կնքված էջեր՝ Արարատ լեռան դրոշմով:

Մասունք են փաստորեն…

Չէ, ինձ համար չկա՜ն Հայաստանը տարբերակող որոշիչներ. նոր ու հին, ներկա կամ բացակա… իմ Հայաստանը մեկն է ու ամենուր, որտեղ կա գոնե մի դրոշմ հայի պատմության, մեր կորստի ու ձեռքբերման, մեր ինքնության ու նկարագրի։

Մեր կնճիռն ու ցավոտ էջն էլ է իմը, երջանիկ ու հաղթական գիրքն էլ է իմը:

Ու իմ անձնագիրն է իմը: Անձիս գիրը, որում հազարավոր դրոշմված Արարատներն են, ինչպես որ ամեն նորմալ հայի գիտակցության մեջ են՝ միլիոնավոր Արարատներ… վառվող ու երբեք չմարող արևների նման:

Պատմությունից հրաժարվում են միայն վախկոտները…

Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ուր ենք գնում…»,- Facebook-ում գրել է Հովհաննիսյանը։

Latest

Երեւանում բացվեց Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման տեղեկատվական գրասենյակը
Ալիևն ԱՄԷ-ի նախագահի հետ այցելել է բռնազավթված Շուշի
Հայտնի է, թե ովքեր կլինեն ՔՊ վարչության կազմում ըստ Հովիկ Աղազարյանի
«Զելենսկին ստիպված կլինի գործարք կնքել Պուտինի հետ». Թրամփ
Եթե nւզում եք, Ձեր գnւմարները եռապատկվեն, քառապատկվեն, ապա անպայման կարդացեք uա
Ամուսինս բացի այն, որ լքեց ինձ, այլ նրա թեթև ձեռքnվ մնացի առանց կnպեկի, բայց եu նրան մի այնպիuի դաu տվեցի․․․Ամբողջ կյանքnւմ չի մnռանա
Կայացվել է Ազատ գյուղում գտնվող՝ ՀՀ ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի գործով առաջին դատավճիռը
Ինչպեu անել, nր չարիքը չմտնի ձեր տուն․․․ Այս 3 խnրհnւրդները կօգնեն ձեզ․․․
Պապս՝ Բլեն, Սիբիրից, որ հետ է գալիս՝ մի ոտքով ու ծանր կոպալով, զրոյից գումար է վաստակում և ունենում ևս 4 երեխա. Պատմությունից հրաժարվում են միայն վախկոտները. Նազենի Հովհաննիսյան