
Tert.am-ին հայտնի դարձավ, որ ՀՔԾ նախկին քննիչ, «Մարտի 1»-ի քննչական խմբի նախկին ղեկավար Հրաչյա Մուշեղյանը օրերս կալանավորվել է դեռևս 2023 թվականին տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի գործով:
Նշենք, որ 2023 թվականի օգոստոսի 12-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01․20-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Հարկայինի դիմաց», ճակատ ճակատի բախվել էին 37-ամյա Հրաչյա Մուշեղյանի վարած Ford Fusion մակնիշի և 54-ամյա Անդրանիկ Առաքելյանի վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Volkswagen Golf-ի վարորդը տեղում մահացել էր։
Դատալեքսից էլ Tert.am-ը տեղեկացավ, որ Հրաչյա Սիմոնիկի Մուշեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023 թվականի օգոստոսի 12-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, խախտելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի ա) կետի պահանջը:
Այն է՝ հարբած ոչ սթափ վիճակում՝ (ալկոհոլի պարունակությունը արտաշնչած օդի մեջ 0.803 միլիգրամ) վարելով «FORD FUSION 1.6 ECOBOOST» մակնիշի 37 AL 170 հաշվառման համարանիշի ավտոմոբիլը Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայով՝ Փափազյան փողոցի կողմից դեպի Վրացական փողոց տանող ուղեմասով և հասնելով Կոմիտասի պողոտայի թիվ 38/4 հասցեի դիմացի հատվածին, տեխնիկական տեսակետից թույլ է տվել ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-ն որոշմամբ հաստատված ճանապարհային երթևեկության կանոնների (այսուհետ՝ ՃԵԿ) 53-րդ կետի, ինչպես նաև «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններ:
Այն է՝ տվյալ ճանապարհահատվածում, չպահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ճանապարհային երթևեկության կանոնը, իրականացրել է իր վարած ավտոմոբիլի ընթացքի ոչ պատշաճ ու վտանգավոր կառավարում՝ ավտոմոբիլը դուրս բերելով հանդիպակաց երթևեկելի ուղեմաս` կատարելով ձախակողմյան երթևեկություն, բախվել է այդ ուղեմասով ուղիղ երթևեկող Անդրանիկ Լևոնի Առաքելյանի վարած «VOLKSWAGEN GOLF 1.8» մակնիշի 36 VX 942 հաշվառման համարանիշի ավտոմոբիլին, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն, դրանցով իսկ պայմանավորել տվյալ պատահարի առաջացումը՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից, որի հետևանքով «VOLKSWAGEN GOLF 1.8» մակնիշի 36 VX 942 հաշվառման համարանիշի ավտոմոբիլի վարորդ Անդրանիկ Լևոնի Առաքելյանին համակցված գանգուղեղային, ողնաշարի կրծքային հատվածի, կրծքավանդակի, որովայնի և կոնքի խոռոչների, ձախ ստորին վերջույթի փակ, բութ վնասվածքներով պատճառելով, որը հասցրել է արյան սուր կորուստի, անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահ, իսկ «VOLKSWAGEN GOLF 1.8» մակնիշի 36 VX 942 հաշվառման համարանիշի ավտոմոբիլի ուղևոր Նվարդ Սարգսի Կոջամանյանին՝ գանգուղեղային տրավմայի՝ գլխուղեղի թեթև աստիճանի սալջարդի, սուբարախնոիդալ արյունազեղման, ճակատի, իրանի, վերջույթների բազմաթիվ քերծվածքների, թոքերի սալջարդի, ձախակողմյան պնևմոթորաքսի, ձախից քունքոսկրի խրթեշի՝ անցումով գանգի հիմ, կրծոսկրի, աջից 1,2,5,6,7,8,9,10-րդ, ձախից՝ 2,3,4,5,6,7,8,9- -րդ կողոսկրերի, կրծոսկրի, ձախից նախաբազկի զույգ ոսկրերի, աջ ազդոսկրի գլխիկի փակ կոտրվածքի ձևով վնասվածքներ պատճառելով՝ նրա առողջությանը անզգուշությամբ պատճառել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող: